Խաղաղապահները քննություն են անցկացնում ադրբեջանական ԶՈւ-ի գնդակոծման փաստի առթիվ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի խաղաղ բնակչի ուղղությամբ։ Այս մասին նշված է ռուսական խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայության օպերատիվ ամփոփագրում։

«Նոյեմբերի 5-ին` ժամը 12:30-ին, ադրբեջանական դիրքերից հրաձգային զենքից կրակ է բացվել տեղի բնակչի ուղղությամբ, որը գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողագործական աշխատանքներ կատարելիս է եղել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք», - հայտնում է խաղաղապահ զորակազմը:

Նշվում է, որ հրետակոծության հետևանքով տեխնիկան աննշան վնասվածքներ է ստացել, բնակիչը չի տուժել:

Փաստի առթիվ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ համատեղ վարույթ է իրականացնում։

Խաղաղապահները շարունակում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում իրականացնել 30 դիտակետում և վերահսկել հրադադարի ռեժիմի պահպանումը։

Հիշեցնենք` տրակտորիստի ուղղությամբ կրակելու մասին ավելի վաղ հայտնել էր ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը և լուսանկարներ հրապարակել։

Sputnik Արմենիա