ԴԻՐՔԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԼԻՑԸ

Կարապետյանի նշանակումից առաջ այլ հրաման էր գործում

Սյունիքի և Գեղարքունիքի բռնազավթման առաջին օրերի մասին մենք բազմիցս ամենայն մանրամասնությամբ տեղեկացրել ենք մեր լսարանին՝ առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով «Չկրակե՛լ» հրամանին։ Այդ հրամանն արձակողը թույլ է տվել զավթիչների անարգել խորացումը մեր երկրի տարածք և դիրքերի կահավորումը՝ ծանր ռազմական տեխնիկա բերելու համար։ Դիրքային պատերազմը բացառություն դարձավ ընդհանուր կանոնից, ուստի 2021 թվականի նոյեմբերի 14-16-ի իրադարձությունները արժանի են հատուկ խոսակցության, որում այսօր, ինչպեսև մեկ տարի առաջ, դեռ հարցեր են մնացել:

Դիրքային պատերազմը, ըստ որոշ աղբյուրների, սկսվել է նոյեմբերի 14-ին, բայց գագաթնակետին հասել 16-ին, այդ իսկ պատճառով բազմաթիվ հրապարակումներում խոսվում է մեկօրյա պատերազմի մասին: Այդ օրերի իրադարձությունների մասին շատ հակասական տեղեկություններ են հրապարակվել։ ՊՆ-ն անմիջապես տվյալներ հրապարակեց 6 զոհերի մասին, միաժամանակ ԶԼՄ-ները սկսեցին հաղորդել անհետ կորած 20 մարդկանց մասին, որոնց հետ կապ հաստատել չի հաջողվում:

Հիշեցնեմ, որ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո գեներալ Արշակ Կարապետյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր ոք, ով կխախտի Հայաստանի պետական սահմանը, ենթակա է ոչնչացման։ Դա ասվեց հենց այն ժամանակ, երբ ադրբեջանցի զավթիչներն ակտիվորեն ճանապարհներ էին կառուցում՝ ծանր ռազմական տեխնիկան իրենց զավթած դիրքեր տեղափոխելու համար։ Նորաթուխ նախարարի հայտարարությունը ռազմական փորձագետները գնահատեցին որպես անուղղակի վկայություն, որ մինչ իր նշանակումը այլ հրաման է գործել:

Խորհրդարանը օրինագիծ էր քննարկում կենդանական աշխարհի մասին

2021 թվականի նոյեմբերի 15-ին Փաշինյանն առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց ինքնիշխան Հայաստանի տարածքների բռնազավթման փաստը։ Նույն օրը հայկական 4 դիրքեր շրջապատման մեջ հայտնվեցին զավթիչների կողմից, հայ զինվորականներին հաջողվեց դուրս բերել դիրքերից։ Այդ գործողության մասին քիչ բան է հայտնի։ Նույն օրը Վերաքննիչ դատարանի տխրահռչակ դատավոր Արմեն Դ.-ն սանկցիա տվեց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելու համար, ընդ որում փաստաբաններն ու ինքը՝ քաղաքապետը որոշման մասին տեղեկացվել են կատարված փաստից հետո…

Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Փաշինյանը պաշտոնանկ է արել Կարապետյանին այն բանի համար, որ նա համարձակվել է նոյեմբերի 6-7-ին այցելել Ստեփանակերտ, ինչով խախտել է Հայաստանի կառավարության անդամների կողմից Արցախ այցելության վերաբերյալ Իլհամ Ալիևի արգելքը։ Երբ նոյեմբերի 16-ի ժամը 13-ի սահմաններում խորհրդարան հասան տեղեկությունները դիրքային պատերազմի մեկնարկի մասին, մեծամասնության խմբակցությունն ակտիվորեն օրինագիծ էր քննարկում կենդանական աշխարհի վերաբերյալ։ Կրակը դադարեցվեց միայն ժամը 18:30-ին, ընդ որում սպանվածների և գերիների վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը մինչ օրս կասկածներ է հարուցում։ Խոսում էին 11 սպանվածների մասին, այնուհետ՝ 15-ի, գերեվարված 7 հոգու մասին, հետո՝ 5-ի, հետո 4 վիրավորների...

Դիրքային պատերազմից հետո իշխանությունը հայտարարեց հակառակորդի կողմից ինքնիշխան Հայաստանի տարածքի 41 քառ. կմ տարածքի բռնազավթման մասին, 2022թ. սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո խոսում են 127 քառ. կմ-ի մասին: Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը մատնանշել է, որ նոյեմբերի 16-ի մեկ օրվա ընթացքում զավթիչներն օգտագործել են ծանր սպառազինության գրեթե բոլոր տեսակները, բացի ավիացիայից: Խոսքը հենց այն սպառազինության մասին է, որը դիրքեր է հասցվել «Չկրակե՛լ» հրամանի գործողության պայմաններում։ Երբ Փաշինյանին հարց տվեցին այդ հրամանի առնչությամբ, կապիտուլյանտը ստեց, թե նման հրաման չի եղել, մինչդեռ զավթիչներին հաջողվել է 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր զգալիորեն խորանալ Հայաստանի տարածքում և ամրանալ դիրքերում։

Դիրքային պատերազմից մեկ տարի անց բազմաթիվ վկայություններ կան այդ հրամանի առկայության մասին։ Երբ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ չկրակելու հրաման կարող էր տալ միայն դավաճանը, հաջորդ օրը գրեթե բոլոր թերթերը լույս տեսան «երկրի ամենաբարձր ամբիոնից տրված խոստովանական ցուցմունքների» մասին վերնագրերով։ Բոլորը հիշեցին, թե ինչպես էր Նիկոլը մայիսի 12-ի ներխուժումից հետո պարծենում, թե զավթիչները չեն կրակում…

Նրանք չէին կրակում այն պատճառով, որ այդպիսին էր պայմանավորված բռնազավթման պայմանը։ Ավելի ուշ սկսվեց հայերի արտաքսումը Շուռնուխի իրենց տներից՝ GPS-ի միջոցով տարածքների սահմանազատման արդյունքում։ Սահմանագծերից մեկն անցել է Շուռնուխի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի անասնագոմի միջով։ Նոյեմբերի 16-ին հայ զինվորները թույլ չտվեցին զավթիչներին խորանալ մեր տարածքում։ Կարապետյանի պաշտոնանկությունը տեղի ունեցավ նոյեմբերի 16-17-ին, շատերն առ այսօր վստահ են, որ դրա պատճառը ոչ միայն այցն էր Արցախ, այլև հայկական դիրքերից բացված պատասխան կրակը զավթիչների վրա

Դիրքային պատերազմից 2 օր անց լրատվամիջոցներում հայտնվեց մի տեղեկություն, որը ոչ ոք չհերքեց։ 2 աղբյուրների վկայակոչմամբ նշվում էր, որ ռազմական գործողությունների ամենաթեժ պահին մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ աջակցություն ցուցաբերելու համար։ Երկու աղբյուրներն էլ հաստատել էին, որ հրամանը տվել է պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա կարգադրությամբ մերժվել է նաև 102-րդ ռուսական ռազմաբազայի օգնությունը, իսկ երբ Սյունիքում տեղակայված 2-րդ ռազմական կորպուսի հրամանատարը՝ Գորին ազգանունով, փորձել է դիրքեր բարձրանալ օգնություն ցուցաբերելու համար, նրա ճանապարհը փակել են...

Հարցերը շատ են, և պատասխաններն էլ կան

Եթե, Փաշինյանի խոսքերով, միայն դավաճանը կարող էր չկրակելու հրաման տալ, ապա ի՞նչ գնահատականի է արժանի նա, ով արգելել է մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին դիրքեր բարձրանալ մարտական գործողությունների թեժ պահին։

Այս պատմության մեջ շատ են սպիտակ բծերը, որոնցից մեկը վերաբերում է հրադադարի մասին բանակցություններին, ավելի ճիշտ՝ այն պայմաններին, որոնցով, ռուս զինվորականների մասնակցությամբ, ադրբեջանական կողմը համաձայնել է դադարեցնել կրակը։ Ինչո՞ւ, ըստ որոշ աղբյուրների, իրադարձությունների թեժ պահին Փաշինյանը հեռացրեց զավթիչների վրա կրակ բացելու հրամանը չեղարկած պաշտպանության նախարարին։ Ինչո՞ւ դիրքային պատերազմի սկսվելուց 2 օր առաջ 90 տոկոսով լուծարվեց զորահավաքային ռեսուրսը։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ հակառակորդն անմիջապես իմացավ պահեստազորայինների զգալի կրճատման մասին։

Հարցերը շատ են, և պատասխաններն էլ կան: Դրանք հայտնի են դիրքային պատերազմի անմիջական մասնակիցներին։ Ժամանակի հետ ողջ ճշմարտությունը ջրի երես դուրս կգա, ներառյալ այն, որը վերաբերում է չկրակելու առաջին հրամանին, ինչը անմիջապես հաջորդեց Սև լճի տարածք ադրբեջանցիների ներխուժմանը։ Այն ժամանակ պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր, նրա օրոք Փաշինյանն արտաբերեց իր հայտնի արտահայտությունն այն մասին, որ մտադիր չէ կռվել Սև լճի 30%-ի համար։ Այդ արտահայտությունից հաշված ամիսներ անց հակառակորդն արդեն կրակում էր Երևանից 60 կմ հեռավորության վրա։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո շատերը հիշեցին Փաշինյանի խոսքերը նաև այն մասին, որ կարիք չկա սահմանապահ կետեր տեղակայել ամայի ձյունածածկ լեռնագագաթներին։ Վերջերս Ջերմուկի լեռներում առաջին ձյունը տեղաց։