Հայտնի է` ինչ են պայմանավորվել Միրզոյանը, Բլինկենը ու Բայրամովը
Վաշինգտոնում, Բլեր Հաուսում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Նույն վայրում տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում:
Երկու նախարարներն իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները հյուրընկալելու համար։
Sputnik Արմենիա