Անահիտ Մանասյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազի նոր տեղակալ

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Դատախազի տեղակալի թափուր պաշտոնի համալրման նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարվել էր մրցույթ։ Այն անցկացվել է նոյեմբերի 7–ին ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից։

«Մրցույթի արդյունքներն ամփոփվել են գաղտնի քվեարկությամբ: Հանձնաժողովի կողմից միաձայն քվեարկությամբ որոշում է կայացվել դրական եզրակացություն ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին՝ Անահիտ Մանասյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին նշանակելու վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Անահիտ Մանասյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, մագիստրատուրան և ասպիրանտուրան ավարտելուց հետո ավարտել է նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը։

Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների` ԵԱՀԿ–ի, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ–ի կողմից մի շարք հարցերի վերաբերյալ եզրակացությունների, հետազոտությունների, ձեռնարկների նախապատրաստման գործընթացներին։ Դասախոսություններով է հանդես եկել միջազգային մի քանի սեմինարներին։

2022թ–ի մարտից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է, 2020թ.–ի օգոստոսից` ատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ։

Sputnik Արմենիա