ԵՐԿՈՒ ՏԱՐԻ՝ ԱՌԱՆՑ ՇՈՒՇԻԻ. ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ԱՊՐՈՒՄ ԱՅԴ ԲԵՌԸ ԽՂՃԻԴ, ՆԻԿՈԼ

Կփոխվի հայերի բնավ ոչ մեկ սերունդ, և նույնիսկ այն բանից հետո, երբ մենք կրկին կազատագրենք մեր քաղաքը, այն գիշերը դժվար թե մոռացվի: Գիշեր, երբ նա հանձնեց Շուշին։ Գիշեր, երբ բոլորն արդեն գիտեին, որ Շուշին հանձնվել է, բայց նա շարունակում էր անամոթաբար ստել. «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Նրան ակտիվորեն աջակցում էր 44-օրյա աննախադեպ պաշտոնական ստախոսության գլխավոր մունետիկը. «Գյոռբագյոռ 2020. չմոռանանք պատմության համար»։ Գերազանց իմանալով, որ Շուշին, ՇՈՒՇԻ՛Ն, հանձնվել է թշնամուն, նրանք, առանց վարանման նշույլի և խղճի չնչին իսկ խայթի, ստահոդ ստատուսներ էին խզբզում Ֆեյսբուքում, իսկ իրենց կողմնակիցները շանթ ու որոտ էին թափում ճշմարտությունն ասողների գլխին և մեղադրում նրանց խուճապ ու հականիկոլական տրամադրություններ տարածելու մեջ…

Յուրաքանչյուր հայ, ում հոգին չի դադարում ու երբեք չի դադարի ցավալ Արցախի համար, բոլոր նրանք, ովքեր գիտեն Շուշիի իրական արժեքն ու նշանակությունը Արցախի, Հայաստանի և տարածաշրջանի համար, այդ օրվանից ունեն իրենց անձնական նոյեմբերի 9-ը: Իրենց պատմությունն այն մասին, թե ինչպես կորցրեցինք սիրելի քաղաքը: Ավելի ճիշտ, թե ինչպես այն խլեցին մեզանից։

Գրեթե բոլոր պատուհաններում լույս էր վառվում, Երևանը չէր քնում, օդում ոչ միայն սավառնում, այլև ֆիզիկապես զգացվում ու գնալով ավելի թանձրանում էր ահավոր դժբախտությունն ու աներևակայելի ողբերգությունը, որի իրական մասշտաբները մենք դեռ չէինք պատկերացնում։ Գիտեիք, որ Հադրութը հանձնվել է, գիտեիք, որ շատ տարածքներ արդեն կորսված են, բայց... Շուշի՞ն։ Այդպիսի բան պարզապես չէր կարող լինել. գիտակցությունը բացառում, իսկ սիրտը հրաժարվում էր ընդունել իրականությունը։ Անվերջանալի հեռախոսազանգեր, ճիչեր, հեկեկոցներ, մեկը մյուսից ավելի սարսափելի լուրեր, մղձավանջային երազ թվացող տեղեկատվություն, որն ի վերջո ճշմարտություն դուրս եկավ. այդպիսին էր նոյեմբերի 9-ի այն գիշերը: Գիշեր, որից հետո եկավ աղետը…

Ինչպե՞ս։ Ինչպե՞ս մենք թույլ տվեցինք դա: Ինչպե՞ս հասանք դրան: Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ թուրքերին հանձնի մեր սրբազան քաղաքը, մեր պատմական ու հոգևոր մայրաքաղաքը, մեր հպարտությունը, մեր արժանապատվությունը, մեր պատիվն ու մեր հավերժական սերը: 1992-ի մայիսի 8-ից հետո, Հաղթանակից հետո, աներևակայելի փորձություններից ու կորուստներից հետո, Շուշիի վերադարձի ու վայելքի գրեթե 30 տարիներից հետո. ինչպե՞ս կարելի էր այն հանձնել բարբարոսին, վանդալին, թուրքին։

Եթե ինչ-որ մեկն այն ժամանակ մեզ ասեր, որ հայ ժողովրդի, հայոց պատմության և հայոց պետականության դեմ այդ ոճիրը գործած ողորմելի արարածը երկու տարի անց դեռ տնօրինելու է մեր Հայրենիքի ճակատագիրը, թշնամուն է տալու նրա նորանոր տարածքներ, բացահայտ ծառայելու է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին՝ մեր երկիրը բռնազավթած ռեժիմի գլուխ կանգնած, ի՞նչ կպատասխանեինք դրան։

Եթե ինչ-որ մեկն այն ժամանակ ասեր, որ Նիկոլը շարունակելու է վստահորեն քայլել հայերի, զոհված հազարավոր հայ զինվորների դիակների վրայով, , իր զազրելի ներկայությամբ պղծելու է աներևակայելի ընդարձակված Եռաբլուրը, իսկ նրա կինը համարձակվելու է կշտամբել ու վիրավորել զոհված տղաների մայրերին, ի՞նչ կպատասխանեինք դրան։

Եթե ինչ-որ մեկն այդ գիշեր ասեր մեզ, որ Շուշին հանձնած դավաճանը հաշված ամիսներ անց անվանելու է մեր քաղաքը «դժգույն ու դժբախտ», և դրա համար նույնպես չի պատժվելու, ի՞նչ կասեինք մենք։

Մենք կասեինք, որ այդպիսի բան չի կարող լինել, որ դա անհնար է։ Պարզվեց, որ միանգամայն հնարավոր է։

Այն գիշեր մենք դեռ չգիտեինք, որ նա ունեցել է Շուշին ու Հադրութը պահպանելու հնարավորություն, բայց հրաժարվել է։ Եվ բնավ ոչ այն պատճառով, որ, ինչպես ինքն է պատճառաբանել, իրեն դավաճան կանվանեին։ Եվ, իհարկե, ոչ այն պատճառով, թե հույս ուներ բեկում մտցնել պատերազմի ընթացքի մեջ ու հաղթել։

Ամեն ինչ շատ ավելի ցինիկ է. Փաշինյանը խոստացել էր Շուշին Ալիևին։ Ոչ միայն լավ իմանալով, թե ինչ է նշանակում Շուշին ողջ աշխարհի հայերի համար, այլ հենց այդ պատճառով. որպեսզի հնարավորինս մեծ ցավ պատճառի հայերին, իսկ հետո անհավանական հաճույք պատճառի իրեն՝ անվանարկելով ու նվաստացնելով մեր Շուշին։ Եվ հետևաբար՝ բոլոր նրանց, ովքեր անմնացորդ սիրում են լեռներում գտնվող հայկական այդ փոքրիկ հրաշքը, ովքեր ուժ էին ստանում նրանից, բնազդաբար զգում դարասկզբի ողբերգությունից կարծես թե այդպես էլ չապաքինված և ավերակներից դեռ լիովին չազատված բերդաքաղաքի հոգևորության ու գեղեցկության ողջ անըմբռնելի խորությունը…

Երկու տարի է անցել այն օրից, երբ նա թուրքերին նվիրեց Շուշին, և այդ երկու տարիների ընթացքում ցավը չի ամոքվել, տառապանքը չի մարել, հոգիդ չի դադարել կարոտել ու նոր հանդիպում տենչալ Շուշիի հետ. այն, ինչը նախկինում այնքա՜ն հեշտ ու բնական էր... Այս երկու տարիների ընթացքում մենք շատ բան իմացանք այն մասին, թե ինչ նպատակաուղղված են հանձնել Շուշին, ինչպես են մեզ խաբել ամեն օր ու ամեն ժամ, խաղալով ու շահարկելով ամենասուրբ ու վսեմ զգացումը՝ սերը Հայրենիքի նկատմամբ, վստահությունը սեփական պետության հանդեպ, հավատն առ այն, որ ինչքան էլ անազնիվ, ոչ պրոֆեսիոնալ ու ապիկար լինի այս իշխանությունը, այնուամենայնիվ նման բան չի անի։

Չի համարձակվի հանձնել Շուշին, հանձնել Արցախի գերակշիռ մասը և ընդ որում կարողանա չոր դուրս գալ ջրից ու շարունակել հանձնել Հայաստանը։

Երկու տարվա ընթացքում մենք համոզվեցինք, որ կարելի է լինել հայկական իշխանություն, ծագումով հայ, բայց վարել ընդգծված հակահայկական քաղաքականություն, հայատյաց դառնալ սեփական աշխարհընկալմամբ և այն աստիճան ատել ամեն հայկականը, որ համարձակվեն հանձնել Շուշին ու Արցախը։ Հանձնել Հայաստանի հոգին, նրա միս ու արյունը, ընդ որում կործանելով հազարավոր հայկական կյանքեր, ոչնչացնելով գենոֆոնդը, վանդալներին տալով հայկական հանճարի հարյուրավոր ստեղծագործություններ, բարբարոսի կողմից անարգվելու թողնելով այն, առանց ինչի դժվար է շնչել, դժվար է ապրել…

Այնքա՜ն շատ բան իմանալով այն ամենից, ինչը դեռ անհայտ էր այն գիշեր, մենք այդուհանդերձ մինչ օրս այդպես էլ չենք ստացել պատասխանն այն հարցին, թե ինչպե՞ս, ո՞վ և ինչո՞ւ հանձնեց Շուշին։ Սակայն այդ հարցի պատասխանի բացակայությունն ու դավաճանների թիմի ակնհայտ ձգտումը՝ կոծկելու ճշմարտությունը, մոռացության մատնելու այն ամենը, ինչ կապված է Շուշիի ճակատամարտի հետ, ստիպելու ականատեսներին լռել, նսեմացնելու Շուշիի նշանակությունն ու դերը հայոց պատմության մեջ, ընդհանրապես դադարեցնելու բոլոր հիշատակումները դրա մասին, ինքնին ամենաստույգ վկայությունն են, որ բերդաքաղաքը դավաճանվել և վաճառվել է։

Եթե դա այդպես չէ, ինչո՞ւ էր նա ստում նոյեմբերի 9-ին, թե «մարտերը շարունակվում են», երբ թուրքն արդեն մտել էր Շուշի։ Եթե դա այդպես չէ, ինչո՞ւ հետաքննություն չի ընթանում և պատասխաններ չեն տրվում: Ինչո՞ւ են լռում նրանք, ովքեր ամեն ինչ տեսել են և գիտեն ճշմարտությունը:

Եթե դա այդպես չլիներ, ապա նրանք կաշվից դուրս կգային, բայց կապացուցեին իրենց անմեղությունը: Չեն անում, ուրեմն մեղավոր են։ Ուրեմն կարող էին պահպանել, բայց գիտակցաբար հանձնեցին: Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կմտնի հայ ժողովրդի պատմության մեջ որպես վատթարագույնը դավաճաններից, որը թշնամուն է հանձնել հայկական սրբազան քաղաքը և արել է դա միանգամայն գիտակցաբար ու միտումնավոր։

Նշանակում է՝ նրան իսկապես իշխանության են բերել հենց դրա համար. հանձնելու Շուշին, հանձնելու Արցախը և կործանելու Հայաստանը։

Այսօր, երկու տարի անց, մենք արդեն շատ լավ գիտենք այդ ամենը։ Եվ հասկանում ենք, որ Փաշինյանի օրոք Շուշին փրկվելու տարբերակ չուներ. քաղաքը դատապարտված էր արդեն 2018-ի մայիսյան այն օրը, երբ նա եկավ իշխանության։ Մենք նույնքան լավ գիտենք, որ Շուշին մեզ վերադարձնելու հնարավորություն չկա այնքան ժամանակ, քանի դեռ հանդուրժում ենք դավաճանների իշխանությունը։ Եվ միայն նրանցից ազատվելուց հետո արժանի կլինենք մտածել Շուշին վերադարձնելու մասին։ Եվ ոչ մի «աշխարհաքաղաքական» հաշվարկ մեզ այդժամ չի կասեցնի Ղազանչեցոց Ամենափրկիչ տաճարի ճանապարհին, ուր կքայլենք մաքրագործվելու, կատարսիս ապրելու, վերագտնելու ինքներս մեզ։