Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը թյուրքական պետությունների խորհուրդն անվանել է «խաղաղության ֆորում» և գովաբանել Թուրքիային

Թյուրքական պետությունների խորհուրդը կարելի է անվանել խաղաղության ֆորում։ Սամարղանդում մեկնարկած հունգարա-ուզբեկական գործարար համաժողովի շրջանակում այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

Կարևորելով համագործակցությունը Ուզբեկստանի հետ, որի հետ Բուդապեշտը պլանավորում է ծրագրեր դեղագործության և միջուկային տեխնոլոգիաների ոլորտում, Սիյարտոն նաև գովաբանել է Թուրքիային՝ նրան անվանելով միակ հաջող միջնորդը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները նաև մեջբերում են ֆորումում վարչապետ Վիկտոր Օրբանի ելույթը, որը գովաբանել է Թուրքիայի նախագահ Էրդողանին հաջող միջնորդության համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Եվրոպա էներգակիրների դիվերսիֆիկացման համար:

Նշենք, որ Հունգարիան դիտորդ երկիր է թյուրքական պետությունների խորհրդում։

News.am