ՌԴ ԱԳՆ․ Հարավային Կովկասը Եվրասիայի համար ռազմավարական տրանսպորտային հանգույց է

Հարավային Կովկասը Եվրասիայի համար ռազմավարական տրանսպորտային հանգույց է, որտեղ հատվում են առևտրային ուղիները, որոնք անցնում են Արևելքից Արևմուտք և Հարավից Հյուսիս։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։

Նրա խոսքով՝ աշխարհն անցնում է բազմաբևեռ սարքի կայացման բարդ փուլով։

«Դա, մասնավորապես, դրսևորվում է տնտեսական հզորության ցրման և քաղաքական որոշումների կայացման արևմտյան կենտրոնների ամրապնդման մեջ։ Համաշխարհային տնտեսական ակտիվության կիզակետն արդեն տեղափոխվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Ակնհայտ է միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի հարմարվողականության պահանջարկը բազմաբևեռ աշխարհակարգի իրողություններին։ Եթե մենք հեղափոխական ցնցումներ չենք ուզում, ընդհանուր շահերից է բխում աջակցել այդ գործընթացին։ Նման պայմաններում Եվրասիական մեծ գործընկերության մասին ռուսական նախաձեռնությունն առանձնահատուկ նշանակություն է ստանում։ 

Խոսելով Մեծ Եվրասիայի մասին՝ մենք առաջին հերթին նկատի ունենք համամայրցամաքային ինտեգրացիոն ուրվագծի ձևավորումը։ Դրա հիմքը կարող են կազմել Եվրասիայում գոյություն ունեցող բազմակողմ կառույցները, ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերը։ Ռուսաստանն ամենաակտիվ կերպով ներգրավված է Եվրասիական մեծ գործընկերության ստեղծման գործընթացում։ Աշխատում է ԵՏՄ-ի և չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համադրման ուղղությամբ։ Արագ տեմպերով արդիականացնում և ավելացնում ենք Անդրսիբիրյան և Բայկալ-Ամուրի մայրուղու թողունակությունը, կառուցում ենք Հյուսիս-Հարավ և Եվրոպա-Արևմտյան Չինաստան տրանսպորտային միջազգային միջանցքներ, զարգացնում ենք Կասպյան տարածաշրջանի տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները: Սա այն է, ինչ կկազմի ապագա Մեծ Եվրասիայի ենթակառուցվածքային շրջանակը։

Հարավային Կովկասը Եվրասիայի համար ռազմավարական տրանսպորտային հանգույց է, որտեղ հատվում են առևտրային ուղիները, որոնք անցնում են Արևելքից Արևմուտք և Հարավից Հյուսիս։ Անշուշտ, կարևոր նշանակություն ունի համատեղ լոգիստիկ նախագծերի իրականացումը, ներառյալ Հյուսիս-Հարավ միջանցքի հետագա զարգացումը։ Դրա շուտափույթ գործարկման նպատակով ողջունում ենք հայկական և ադրբեջանական կողմերի ջանքերը տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Անցյալ տարի ստեղծվեց հատուկ հարթակ՝ «3+3», որի շրջանակներում քննարկվում են նաև այս բոլոր հարցերը։ Հաղորդակցությունների զարգացումը կնպաստի անցյալ տարի մերձկասպյան պետությունների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության մասին ուժի մեջ մտած համաձայնագրին: Դրա իրականացումն ուղղված է Կասպից ծովի տարածաշրջանը խոշոր միջազգային լոգիստիկ հանգույցի վերածելուն․․․»,-նշել է նա։

News.am