Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնումը կամրապնդի անվտանգությունը
Իրանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնումը կծառայի երկու երկրների շահերին և կամրապնդի կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Կանին, հայտնում է Press TV-ն։
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը տրամադրված է երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը։ Հայ դիվանագետն իր հերթին ողջունել է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հայտարարել, որ Երևանը հաստատակամ է Թեհրանի հետ համագործակցության ամրապնդման հարցում, հատկապես առևտրատնտեսական ոլորտում։ Նա հույս է հայտնել, որ Իրանն ու Հայաստանը կշարունակեն ամրապնդել աճող կապերը։
Բաղերի Կանին և Սաֆարյանը քննարկել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և ընդգծել տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։
Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Սաֆարյանն ավելի վաղ հանդիպել էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ։
Ամիր-Աբդոլլահիանը նշել է, որ հոկտեմբերին Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը գործնական և կարևոր քայլ էր առևտրային փոխանակումների և տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար։
News.am