ԲՈՒԺԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ, ԵՐԿՈՒ ԴԱՀԼԻՃ ԵՎ ՃԱՇԱՐԱՆ

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ «Զինվորի տունը» կընդլայնի սպասարկման ծավալը

44-օրյա պատերազմից հետո, վիրավորում ստացած զինվորների կտրուկ աճով պայմանավորված՝ «Զինվորի տան» շենքային պայմանները բավարար չեն անհրաժեշտ ամբողջ ծավալով տղաներին սպասարկելու համար: Ընդլայնված հնարավորությունները կարևոր են պարբերական վերականգնողական բուժման ցուցումով՝ գանգուղեղային, որովայնի, կրծքավանդակի, բազմաբեկորային, պոլիօրգանային վնասվածքներ ունեցող և այրվածքներ ստացած բոլոր տղաների համար: Նրանց մի մասին վերականգնողական բուժում է ցուցված ամբողջ կյանքի համար:

Վիվա-ՄՏՍ-ը զգալի գումար է նվիրաբերել՝ քայլքի լաբորատորիայի, կինեզոթերապիայի և էրգոթերապիայի դահլիճների և ճաշարանի շինարարական աշխատանքներն սկսելու նպատակով: Ծրագրի արդյունքում ակնկալվում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան միաժամանակ առավել շատ զինվորի բարձրակարգ սպասարկում ապահովել: Կինեզոթերապիայի և էրգոթերապիայի՝ եղած դահլիճներն արդեն բավարար չեն՝ այս պահին վերականգնողական բուժման ցուցումով բոլոր զինվորներին միաժամանակ սպասարկելու համար: Շինարարությունից հետո, դահլիճների թիվը կավելանա՝ նպաստելով շատերին օգտակար լինելու՝ մասնագետների ձգտմանը:

Իսկ կառուցվելիք՝ քայլքի լաբորատորիան հնարավորություն կտա 2D ձևաչափով տեսնել և ժամանակին բացահայտել հնարավոր խնդիրները: Դա կբարձրացնի վերականգնողական բուժման կուրսի արդյունավետությունը՝ ինչպես ստորին վերջույթների պրոթեզավորում, օրթեզավորում, այնպես էլ կենտրոնական, պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարում, ստորին վերջույթների վնասվածքներ, հենաշարժողական խնդիրներ ունեցող տղաների շրջանում:

«Կան ծրագրեր, որոնց կարևորությունը գնահատվում է ոչ միայն հստակ չափելի արդյունքով, այլև չգրված՝ մարդկային արժեքներով: Սա մի համագործակցություն է, որն սկսվել է վիրավորում ստացած զինվորների մոտ պատերազմի հետևանքները հնարավորության սահմաններում մեղմելու ձգտումից: Մեկ օրում ամբողջությամբ նոր իրավիճակում հայտնված տղաներին կյանքի բնականոն հուն վերադարձնելը պահանջում է ամենօրյա աշխատանք, գործիքային, մասնագիտական և հոգեբանական աջակցություն: Այդ ամենն ապահովելու համար, անհրաժեշտ են շենքային լիարժեք պայմաններ և զարգացած տեխնոլոգիաներով աշխատող սարքավորումներ: Հուսով եմ, որ համատեղ ջանքերով և դրսևորվող ամենօրյա հոգատարությամբ՝ գործընկեր կազմակերպությանը կհաջողվի բոլորի համար ցանկալի արդյունք արձանագրել»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվելիք՝ թողունակության մեծացման ծրագրով, կկառուցվի նաև ճաշարան՝ ստացիոնար և ամբուլատոր բուժում ստացող զինվորներին սպասարկելու համար: Գործող փոքր ճաշարանը կփոխարինվի նորով, բացառապես թարմ ու օգտակար մթերքից տեղում պատրաստվող սնունդ ապահովելու հնարավորությամբ:

«Զինվորի տունը երբեք չի մերժել ոչ մի տղայի: Մեզ դիմած հայրենիքի որևէ պաշտպան առանց օժանդակության չի մնացել, սակայն 44-օրյա պատերազմից հետո նրանց թիվն այնքան մեծացավ, որ երբեմն ստիպված ենք լինում մի փոքր սպասեցնել տղաներին. եղած հնարավորությունները թույլ չեն տալիս բոլորին միաժամանակ վերականգնողական բուժում տրամադրել: Մեր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ մենք այսօրվանից հայտարարում ենք Զինվորի տան թողունակության մեծացման ծրագրի մեկնարկի մասին: Դրա շնորհիվ՝ միաժամանակ ավելի շատ տղայի բուժելու հնարավորություն կունենանք, քայլքի լաբորատորիա կունենանք և ավելի մեծ ճաշարան, որտեղ որակով սնունդ կկարողանան ստանալ թե ստացիոնար, թե ամբուլատոր պայմաններում բուժում ստացողները»,-ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Վիվա-ՄՏՍ-ն առաջին անգամ չէ, որ կանգնում է Զինվորի տան կողքին: Նախորդ ամիսներին մենք տեսել ենք, թե որքան են Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ձեռք բերված օրթեզներն օգնել տղաներին՝ քայլքը շտկելու, վերականգնելու, ավելի որակյալ կյանք ունենալու հարցում: Օրթեզների նոր խմբաքանակով, տղաներն արդեն կկարողանան հեռակառավարվող վահանակով կառավարել իրենց օրթեզը և տվյալ պահին իրենց հարմար ռեժիմի բերել: Իսկ այսօր արդեն մեր գործընկեր կազմակերպության ղեկավարին ներկայացրեցինք Զինվորի տան շենքի այն հատվածը, որը, կարելի է ասել, վերակառուցվելու է: Մեծացնելու ենք թողունակությունը: Այլ կերպ ասած՝ միաժամանակ ավելի շատ տղաների ենք կարողանալու բուժական և այլ ծառայություններ մատուցել»,-ասել է «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը:

Վիվա-ՄՏՍ-ի ցուցաբերած աջակցության շնորհիվ, «Զինվորի տանը» ձեռք է բերվել նաև հեռակառավարվող 16 օրթեզ: Դրանք նախատեսված են նյարդաբանական տարբեր վնասվածքներ և հիվանդություններ ունեցող՝ վերջույթի ցածր ֆունկցիոնալություն կամ ֆունկցիոնալության բացակայություն ունեցող զինվորների համար: Օրթեզի կարիք, առավել հաճախ, ունենում են գլխուղեղային, ողնուղեղային վնասվածքներով և ծայրամասային նյարդային համակարգի վնասվածքներով մարդիկ:

Բժշկական տեխնոլոգիաներ արտադրող «Fior & Gentz» ընկերության օրթեզներն ունեն վահանակով հեռակառավարման 3 ռեժիմ: Առաջինը ոտքն ամբողջությամբ անշարժացնելու հնարավորություն է տալիս, երկրորդն ապահովում է կիսաֆիքսված դիրք, երրորդը ոտքը դարձնում է ամբողջությամբ շարժուն: Ռեժիմներն ընտրվում են բուժառուի անհատական վիճակից ելնելով:

Օրթեզներն օժանդակ միջոցներ են՝ քայլքը շտկելու կամ բարելավելու համար: Որոշ դեպքերում օրթեզի կրումը ցուցված է ամբողջ կյանքի համար:

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, մեկ տարի առաջ էլ ձեռք էր բերվել Գերմանիայի և Նիդերլանդների առաջատար ընկերությունների արտադրած 100 օրթեզ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։

Галерея (8 фото)

Основная тема:
Теги: