2022-11-24 11:40
Լրատվական գործակալություններ
Ավարտվել է Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգումը
Ավարտվել է Հ-32, Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածների հիմնանորոգումը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ամասիա, Բանդիվան, Ցողամարգ բնակավայրերով։
«Ծրագրի շրջանակում հիմնանորոգվել են նաև նշված հատվածում գտնվող 6 կամուրջները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ շինաշխատանքները ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։
Դեպարտամենտը վստահեցնում է՝ բարեկարգված ճանապարհը կնպաստի, որ երթևեկությունն առավել անվտանգ դառնա, կհեշտացնի տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի լիարժեք օգտագործումը, հարակից բնակավայրերի համար կլուծի նաև սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ:
Sputnik Արմենիա