Նիդեռլանդների ԱԳ նախարարը նամակ է հղել երկրի խորհրդարան՝ կապված Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետ

Նիդեռլանդների արտգործնախարար Վոպկե Հուքստրան նամակ է հղել երկրի խորհրդարան՝ կապված Ադրբեջանի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետ։

Նամակում նախարարը հիշեցրել է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հոկտեմբերի 2-ի իր թվիթում վրդովմունք է հայտնել տեսանյութի առնչությամբ, որտեղ ադրբեջանցի զինվորները գնդակահարում են հայ ռազմագերիներին։ Իր թվիթում նա կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել և եթե հաստատվի տեսանյութի իսկությունը, պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել տեսանյութում ներկայացված պատերազմի օրենքների ենթադրյալ խախտման անկախ հետաքննություն անցկացնել։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նույն օրը հայտարարել է հետաքննություն անցկացնելու մասին։ Նիդեռլանդները հոկտեմբերի 5-ին տեսանյութը քննարկել է Ադրբեջանի դեսպանի հետ՝ զզվանք հայտնելով տեսանյութում ցուցադրվածի նկատմամբ և կոչ է արել Ադրբեջանին անաչառ և անկախ հետաքննություն սկսել»,- ասվում է նամակում։ Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Նիդեռլանդները միջազգային գործընկերների հետ միասին ուշադիր կհետևեն հետաքննության ընթացքին։ «Այս հետաքննության արդյունքները պետք է հրապարակվեն, և ենթադրյալ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրավասու մարմինների կողմից։ Ադրբեջանի դեսպանը հաստատել է, որ ադրբեջանական իշխանությունները տեսանյութի իրադարձությունների հետաքննություն են սկսել և նշել է, որ այն ինքնուրույն կանցկացվի։

Բաքվում Նիդեռլանդների դեսպանն այս ուղերձը բազմիցս է փոխանցել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Բացի այդ, Նիդեռլանդները բազմիցս ընդգծել է այս տեսանյութի և դրա անկախ հետաքննության կարևորությունը եվրոպական համատեքստում, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի (COEST), Եվրոպական արտաքին կապերի ծառայության (EEAS), ինչպես նաև Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի թիմի հետ քննարկումների ժամանակ։

Նիդեռլանդները կշարունակի ճնշում գործադրել անկախ հետաքննության և դրա արդյունքների հրապարակման համար և ուշադիր հետևելու է իրադարձությունների զարգացմանը։ ԵՄ բոլոր երկրներն աջակցում են ԵՄ միջնորդության գործընթացին։ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչը և ԵՄ ներկայացուցիչը խոսել են տեսանյութի մասին և կոչ արել Ադրբեջանին անկախ հետաքննություն անցկացնել։ Նիդեռլանդները չգիտի, թե արդյոք որևէ այլ երկիր հրավիրե՞լ է Ադրբեջանի դեսպանին այս հարցը քննարկելու համար»,- ասվում է նամակում։

Նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեսանյութի իսկությունը, իսկ հոկտեմբերի 20-ին Bellingcat-ը հրապարակել է տեսանյութի իսկության վերաբերյալ իր հետաքննությունը։ «Ըստ այս վերլուծության՝ կա բավարար վստահություն իսկության նկատմամբ։ Human Rights Watch-ը ուսումնասիրել է տեսանյութը և Ադրբեջանի իշխանություններին անկախ հետաքննության ու պատասխանատվության կոչ է արել»,- նշվում է նամակում։

News.am