ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար. Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էներգամատակարարումը վերականգնվել է

Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էներգամատակարարումը վերականգնվել է։ Այսօր երեկոյան այս մասին հայտարարել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ուկրաինայի բոլոր ԱԷԿ-ների` արտաքին էներգիայից անջատման հետ կապված իրավիճակն աննախադեպ է»–, ավելի վաղ հայտարարել էր Գրոսին` մեկնաբանելով Ռովենսկի, Հարավուկրաինական և Խմելնիցկի ԱԷԿ-ների, ինչպես նաև Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ԱԷԿ-ի անջատումը արտաքին ցանցերից։

«Մինչ աշխարհը կենտրոնացած է Եվրոպայի խոշորագույն` Զապորոժիեի ատոմակայանում տիրող վտանգավոր իրավիճակի վրա, մենք չպետք է մոռանանք մյուս ատոմային օբյեկտների մասին։ Երեկ առաջին անգամ երբևէ Ուկրաինայում գործող բոլոր չորս ատոմակայանները՝ Զապորոժիեի, Ռովենսկի, Հարավուկրաինական և Խմելնիցկի, կորցրել են էներգամատակարարման ցանցերի հետ կապը։ Նրանք բոլորը վթարային դիզելային գեներատորներ են օգտագործում»,-հայտարարել է Գրոսին, նրա տեսաուղերձը հրապարակված է սոցցանցերում ՄԱԳԱՏԷ-ի ռեսուրսներում։

Գործակալության ղեկավարը հավելել է, որ սա «աննախադեպ իրավիճակ է, որն աներևակայելի էր դեռևս բառացիորեն մի քանի ամիս առաջ»:

Գրոսին ընդգծել է, որ դա խորը մտահոգություն է առաջացնում։

Նշենք, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:

Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։

Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը:

Sputnik Արմենիա