ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՎԿԱՆ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ Է ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐ ՊԱՐՏՔԵՐԻՑ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավաությունը, հարցաքննվեց առանցքային վկան՝ Սևակ Քոչարյանը։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռևս այս գործով դատական նիստը մեկնարկելու ժամանակ էր ասել՝ սպասեք անակնկալների և դրանք շարունակվելու են։

«Ապացուցման կարիք չունի, քանի որ համոզված եմ՝ դատական նիստին հետևելով, բոլորն էլ հասկացան, թե առանցքային վկան ով է ընդհանրապես։ Մի մարդ, ով միլիոնավոր դոլարներ պարտքեր է ունեցել և այս գործի արդյունքում, համենայնդեպս փաստերն այդ մասին են խոսում, այդ միլիոնավոր դոլարների պարտքերից ձերբազատվել է։

Ուշագրավ է նաև այն, երբ այդ վկային բնակարանից վտարելու հայցադիմում է մուտքագրվել դատարան, դրանից հետո է ծնվել այս դիմումը, այս քրեական գործը ու դրանից հետո մինչ օրս վկան գտնվում է իր բնակարանում այն դեպքում, երբ որ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։

Այսօրվա իշխանություններին հաճո դիմումով, քանի որ հանիրավի մեղադրում էր Հայաստանի երրորդ նախագահին, անձը, իմ համոզմամբ, վարձահատույց է եղել։ Փաստերն այդ մասին են խոսում. մինչ օրս ապրում է այդ բնակարանում ու չունի միլիոնավոր դոլարների պարտավարություն բանկերին, քանի որ այդ պարտքները սնանկության արդյունքում այսպես ասած ջրվել են»,- ասաց փաստաբանը։

Ամրամ Մակինյանը նշեց, որ եթե «այսքան քչփորելուց հետո» այսօրվա իշխանություններն այս մեղադրանքն են ներկայացրել Սերժ Սարգսյանին, դա ամենաբարձր գնահատականն է երրորդ նախագահին իր գործունեության վերաբերյալ։

«Չնայած ես հեռու եմ այն մտքից, որ այս իշխանությունները պետք է գնահատեն պարոն նախագահի արածը»,- ասաց պաշտպան Մակինյանը։

Հիշեցնենք, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում է երեք անձ. Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։

Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ ապրիլի 9-ից մինչև 2018թ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։

Ըստ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։

Ըստ Գևորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2012թ հունիսի 25-ից մինչև 2015թ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն»։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով անցնող Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Դատարանի որոշմամբ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Panorama.am