Որտեղից են ԼՂ-ում ականներ հայտնվել. Մարուքյանը մատնանշել է Բաքվի սուտը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պարզաբանել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայտնաբերված իբր հայկական ականների հետ կապված իրավիճակը։ Նա այս մասին գրառում է արել Twitter-ում։

Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, որ իբր հայկական ուժերի թողած ականներ են հայտնաբերվել Շուշիի շրջանի Եղցահող գյուղի մոտ (ադրբեջանական տարբերակով` Սարիբաբա -խմբ.), որտեղ բախումներ են տեղի ունեցել այս տարվա օգոստոսին։

Էդմոն Մարուքյանը գրել է, որ սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ Ադրբեջանը ստացել է հասանելիություն ականներին։ Այնուհետև ադրբեջանական կողմը դրանք տեղափոխել է Լեռնային Ղարաբաղի Եղցահողի շրջան՝ հետագայում պնդելով, որ հայտնաբերել են։

Մարուքյանն ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Եղցահողը օգոստոսին գտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ ականների մասին հայտարարվել է միայն նոյեմբերին։

Sputnik Արմենիա