Ալիևն ու Ռիքերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ հանդիպման առնչությամբ։

Բարձր է գնահատվել այն, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինkենը մշտապես իր ուշադրության տակ է պահում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Վաշինգտոնում կայացել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Նրանք մտքեր էին փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ Երկու կողմերը վերահաստատել էին հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները։

Հավելենք, որ հոկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող Միրզոյանը հանդիպում էր ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ։ Նախարարը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները։

Sputnik Արմենիա