Օհանյան․ Այնպես չէ, որ ընդդիմությանը ՀԱՊԿ-ում ամեն ինչ դուր է գալիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռազմաքաղաքական դաշինքները ստեղծվում են ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին հարցերի համաձայնեցման համար, բլոկի ներսում հարթ, խաղաղ ապրելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

 


Նա համեմատություն անցկացրեց ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջև՝ նշելով. « ՆԱՏՕ-ն 70 տարուց ավելի պատմություն ունի և ՆԱՏՕ-ի ներսում անգամ կան խնդիրներ: Նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին, բայց ՀԱՊԿ-ն ունի 30 տարվա, իսկ գործողությունների առումով 20 տարվա պատմություն, և այս կառույցի ներսում էլ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել:

Այնպես չէ, որ մեզ, որպես ընդդիմություն, ՀԱՊԿ-ում ամեն ինչ դուր է գալիս: Որոշումների ընդունման ընթացակարգեր կան, որոնք կարելի է ավելի արագ իրականացնել»:

Սեյրան Օհանյանի խոսքով, իրենք համարել են, որ ՀԱՊԿ-ը գլոբալ խնդիրների համար է այս տարծաշրջանում, նա չպետք է զբաղվի, օրինակ, Ադրբեջանի հետ հարաբերություններով, սահմանային իրավիճակով, սահմանային պաշտպանության ստեղծումով, ինժեներական սարքավորումներով ու խրամատավորմամբ. «Այս ամենով ՀԱՊԿ-ը չպետք է զբաղվի, պետք է զբաղվի ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը չի իրականացրել: Մի կողմից մենք համայն աշխարհին ասում ենք՝ դե բարձունքներ են, որոնք պետք չի, ձնանծածկ ինչ-որ սարեր են, Սև լճի համար հո չենք գնալու կռվենք, մյուս կողմից ասում ենք՝ եկեք ադրբեջանցիներին հանեք մեր տարածքներից: Հասկանալի է, որ մենք պետք է խնդրենք, քաղաքական ուղղությամբ աշխատանքներ տանենք, բայց ինձ համար որպես զինվորականի, հրց է ծագում՝ ի՞նչ եսդու արել, որ քո սահմանների պաշտպանությունն իրականացնես արդեն նոր ձևաչափում: Այս առումով չնայած ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը բազմակողմ է, բայց քանի որ ըստ ուղղությունների ՌԴ ներկայությունը գերակշռող է, մենք այդ հարթակն օգտագործում ենք հայ-ռուսական հարաբերությունների ավելի խորը զարգացման համար:

Ես հիմա էլ գտնում եմ, որ ՀՀ սահմանին պետք է կանգնի հայ զինվորը, հայ հրամանատարը, որոնք ցույց են տվել, որ այնտեղ, որտեղ ունեցել են ժողովրդի և իշխանությունների աջակցությունը, հերոսաբար կռվել են: Ոչ ԵՄ դիտորդական խմբից, ոչ էլ ՀԱՊԿ-ի որևէ երկրի զինվոր չի գալու մեզ համար խրամատներ փորի: Պետք է կատարյալ անտեղյակ լինես, որ չհասկանաս, որ քո սահմանները ինքդ պետք է պաշտպանես»,-ընդգծեց նա:

News.am