Կայծ ՄԻՆԱՍՅԱՆ․ ԱԼԻԵՎԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ ՍԽԱԼՎՈՒՄ Է

Անցած գիշերը Ֆրանսիայի Ազգային ժողովը, հետևելով Սենատին, Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել։

Ֆրանսիայի կառավարությունը կարծում է, որ Հայաստանին աջակցության մասին բանաձևը «չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը»։

Նշվում է, որ կառավարության դիրքորոշումն արտացոլված է նոյեմբերի 29-ի հայտարարության մեջ, որում ասվում է, որ «Ֆրանսիան շարունակում է խրախուսել կողմերին առաջ շարժվել բանակցություններում՝ խաղաղության հնարավորության հասնելու համար»։

«Նախ՝ բանաձևն ինքնին օրենքի ուժ չունի։ Երկրորդ՝ խանգարո՞ւմ է արդյոք Ֆրանսիան Հայաստանին նման կոշտ դիրքորոշմամբ, թե՞ չի խանգարում։ Եթե բանակցությունները փակուղի մտնեն, կպաշտպանի՞ արդյոք Ֆրանսիան Հայաստանին, եթե վերջինս հայտնվի ծանր իրավիճակում»,- տարակուսում է Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի փորձագետ Կայծ Մինասյանը։

Մակրոնը խոսում է Ադրբեջանի անուղղակի ագրեսիայի մասին և նրան անվանում ագրեսիվ պետություն։

Ալիևը հասկանում է, որ Ֆրանսիան կոշտ դիրքորոշում ունի Հայաստանի և Արցախի հարցում, և դա իր համար անընդունելի է։ Հակառակ դեպքում կստացվի, որ նա մի կողմից դժգոհություններ է արտահայտում, մյուս կողմից՝ համաձայնություն է տալիս Մակրոնի մասնակցությանը Փաշինյանի հետ հանդիպմանը։

Պրահայի վերջին հանդիպումը կայացավ է հենց քառակողմ ձևաչափով՝ Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ, և կողմերը պայմանավորվեցին նույն ձևաչափով նոր հանդիպման մասին։

«Իսկ հիմա Ալիևն արդեն դեմ է դրան։ Նա նայում է Ռուսաստանի կողմը և միևնույն ժամանակ ուզում է պառակտում մտցնել Արևմուտքում, մի կողմից՝ ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ Ֆրանսիայի միջև։ Բացի այդ, Ալիևը նաև ցանկանում է պառակտում մտցնել ԵՄ-ի և Ֆրանսիայի միջև՝ հայտարարելով ԵՄ-ի հետ համաձայնության մասին և դժգոհություն հայտնելով Ֆրանսիայի միջամտությունից»,- News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մինասյանը։

Բայց Ալիևը, փորձագետի գնահատմամբ, սխալվում է, նա ծանոթ չէ ԵՄ գործունեության առանձնահատկություններին, չի հասկանում, որ ԵՄ մակարդակով անհնար է որևէ բան անել առանց Ֆրանսիայի և Գերմանիայի։

«Ֆրանսիան, անշուշտ, ցանկանում է մասնակցել հերթական քառակողմ հանդիպմանը՝ համոզելով Հայաստանին, որ Եվրոպական խորհրդի ղեկավարի և Ալիևի հետ դեմ առ դեմ հանդիպումը լավ բան չի խոստանում։ Շառլ Միշելը, որպես Եվրոպական խորհրդի ղեկավար և բելգիացի, պետության տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է համարում, քան ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

Բացի այդ, ԵՄ-ն և Ադրբեջանը հայտարարել են նավթագազային գործարք կնքելու պատրաստակամության մասին։ Ալիևը փորձում է նաև սա օգտագործել՝ ցույց տալով, որ պատրաստ է աշխատել եվրոպացիների հետ, միաժամանակ փորձում է Ֆրանսիային ցույց տալ, որ ինքը ուժեղ առաջնորդ է։

ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստում վերջին միջադեպը նույնպես ոգևորում է Ալիևին, որը խոսում է Ռուսաստանի և Եվրոպայի միջնորդությամբ, բայց առանց Ֆրանսիայի բանակցություններ վարելու պատրաստակամության մասին»,- ընդգծեց քաղաքագետը։

Արամ Դանիելյան, News.am