Սերգեյ ԼԱՎՐՈՎ․ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ, ԵՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ, ԵՎ ԵՄ-Ն ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ ԹԱՂՎԱԾ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր խոսել է Պրահայում հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի ու ԵԽ նախագահի նախաձեռնությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։

Պատասխանելով հարցին, թե ինչու է կարծում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ անգործության մատնված, և արդյոք կա՞ հնարավորություն վերսկսելու դրա աշխատանքը, Սերգեյ Լավրովն ասել է.

«Պատասխանը շատ պարզ է։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ժամանակին ստեղծվել էր, որպեսզի միավորի այն երկրներին, որոնք տարածաշրջանում ազդեցություն ունեն ու կարող են ազդկաներ ուղարկել Բաքվին ու Երևանին, որոնք պայմանավարվել են աշխատել Ռուսաստանի ու ԱՄՆ համանախագահությամբ։ Ինչ-որ փուլում, Ֆրանսիան, ինչպես հաճախ է պատահում, հայտարարեց՝ իսկ ե՞ս։ Պայմանավորվեցինք, որ Ֆրանսիան կլինի երեք համանախագահողներից մեկը»։

Նրա խոսքով, 44-օրյա պաերազմից հետո Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադար, Ռուսաստանը շարունակել ու շարունակում է օգնել հայկական ու ադրբեջանական կողմերին տարածաշրջանում և տնտեսական, և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում, ինչը զարգացման խթան կհանդիսանա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև հարևան այլ երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի համար։ Եվ ՌԴ-ն էլ դրանում շահագրգռված է։

«Ռուսաստանը կօգնի կողմերին նաև սահմանների գծման հարցում։ Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը նաև աջակցություն կցուցաբերի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի համաձայնեցման գործում։ Այս ամենը Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հանդիպումների արդյունք են»,-ասել է Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարը, շարունակելով խոսքը, նշել է.

«Դրան զուգահեռ մենք նկատեցինք այլ խաղացողների կողմից այս գործընթացներին միջամտելու ջղաձիգ փորձեր։ Մենք դրա հետ կապված որևէ խնդիր չենք ունեցել: Միակ բանը, որ մենք նկատել ենք Երևանի և Բաքվի հետ շփումներում, այն էր, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքը Վաշինգտոնի և Փարիզի միջոցով պաշտոնապես հայտարարեց, որ իրենք ոչ մի տեղ, ոչ մի ձևաչափով չեն համագործակցելու Ռուսաստանի հետ։ Այսպիսով, նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին։

Ուստի, երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են այս Մինսկի խումբը, մենք նրանց ասում ենք՝ այդ հարցն Ադրբեջանին ուղղեք, քանի որ առանց Ադրբեջանի մասնակցության ցանկացած միջնորդական ջանքեր անիմաստ են։ Բայց հիմա և ֆրանսիացիները, և ամերիկացիները, և ԵՄ-ն փորձում են փոխհատուցել թաղված Մինսկի խումբը՝ փորձելով խցկվել միջնորդական ջանքերում։ Ավելին, փորձում են վերցնել ու սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ռուսական կողմի մասնկցությամբ»։

Որպես օրինակ նա նշել է Բրյուսելում սահմանազատման հարցերով հանձնաժողովի նիստը. «Դե, հայերն էլ, ադրբեջանցիներն էլ բարեկիրթ մարդիկ են, գնում են այնտեղ։ Բայց ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է սահմանազատման մասին խոսել՝ չունենալով նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզը, որը գոյություն ունի միայն ՌԴ Գլխավոր շտաբում։ Նույնը վերաբերում է խաղաղության պայմանագրին։ Ահա, նրանք գնացին Պրահա Եվրոպական քաղաքական համայնքի այդ ֆորումին: Նրանք փաստաթուղթ են ստորագրել, որում նշվում է, որ սահմանազատման գործընթացի և խաղաղության պայմանագրերի համար հիմք պետք է ընդունվեն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի համաձայն ճանաչված սահմանները: Իսկ Ալմա-Աթայի հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են Անկախ Պետությունների Համագործակցությունը և հաստատում են սահմանների անձեռնմխելիությունը։ Այն սահմանները, որոնք կային միութենական հանրապետությունների միջև, այսինքն՝ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ակնհայտորեն մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ»,- հավելել է նախարարը։

Լավրովի խոսքով, երբ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու պարոն Միշելի կողմից հաստատվել է Ալմ-Աթիի համաձայնագրի ճանաչումն առանց ինչ-որ վերապահումների, ապա դա հեշտացնում է հետագա գործը, քանի որ լուծում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերաբերյալ մոտեցումը։

«Եվ իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան կարգավիճակի, որքան Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, նրանք պատրաստ են քննարկել, տրամադրել իրավունքների բոլոր երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Ոչ ոք այլևս չի հիշում Մինսկի խմբի մասին. Երբեմն Հայաստանում ինչ-որ քաղաքական գործիչ ասում է՝ ինչո՞ւ Մինսկի խումբը... Նրան հուղարկավորել են ֆրանսիացիներն ու ամերիկացիները։ Այնպես որ, այդ հարցում մենք որևէ կապ չունենք»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Panorama.am