Մոսկվայի Կրեմլի պատի պանթեոնի տարածքում ծաղիկներ են դրվել Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին

Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ Մոսկվայի Կրեմլի պատի պանթեոնի տարածքում տեղի է ունեցել ծաղիկների և ծաղկեպսակների տեղադրման արարողություն ԽՍՀՄ կրկնակի հերոսի, Խորհրդային Միության մարշալի գերեզմանին։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից։

Միջոցառմանը մասնակցել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Ելույթ ունենալով միջոցառմանը՝ դեսպան Վ Հարությունյանն ընդգծել է անվանի հայազգի հրամանատարի մեծ ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում և Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի նվաճման գործում։ Վ Հարությունյանն նշել է նաև, որ հայ ժողովուրդը հպարտանում է Հ Բաղրամյանի սխրանքներով և մեծ հարգանքով պահպանում նրա հիշատակը։

Արարողությանը ներկա են եղել ՌԴ բանակի գեներալ Վլադիմիր Իսակովը, Հ Բաղրամյանի թոռներն ու ազգականները, վետերանների կառույցի, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ներկայացուցիչներն ու ռազմական բուհերի կուրսանտները։

Sputnik Արմենիա