Մոլդովայի ԱԳՆ․ ՌԴ ԶՈՒ անօրինական ներկայությունը շարունակում է խախտել Մոլդովայի ինքնիշխանությունն ու չեզոքությունը

Ռուսաստանի զինված ուժերի անօրինական ներկայությունը շարունակում է խախտել Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու չեզոքությունը։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի Հանրապետության ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուն, հայտնում է ՄՕԼԴՊՐԵՍ-ը՝ վկայակոչելով երկրի Արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարություն մամուլի ծառայությանը։

Նա նշել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան պատերազմը սպառնում է Եվրոպայում խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը և հանդիսանում է միջազգային իրավունքի, Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում։

«Մեր երկիրը համերաշխ է Ուկրաինայի հետ ազատության համար նրա պայքարում։ Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Մենք կշարունակենք աջակցել Մոլդովայի Հանրապետությունում բնակվող ավելի քան 80 հազար ուկրաինացի փախստականներին և կտրամադրենք անհրաժեշտ մարդասիրական օգնություն»,- ասել է արտգործնախարար Նիկու Պոպեսկուն։

Փոխվարչապետը ներկայացրել է Մերձդնեստրի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ խորը մտահոգություն հայտնելով Մերձդնեստրի տարածաշրջանում մարդու իրավունքների մշտական ​​խախտումների կապակցությամբ։

«Մենք վճռական ենք տրամադրված հակամարտությունը բացառապես երկխոսության և խաղաղ միջոցներով կարգավորելու հարցում՝ Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա։  Ռուսաստանի զինված ուժերի անօրինական ներկայությունը շարունակում է խախտել Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու չեզոքությունը։ Մոլդովայի Հանրապետության տարածքից ռուսական զորքերի և զինամթերքի ամբողջական և անվերապահ դուրս բերումը պարտադիր է՝ համաձայն 1999 թվականի Ստամուլի գագաթաժողովում ԵԱՀԿ պարտավորությունների, ՄԱԿ Գլխավոր Ասամբլեամի 2018 թվականի 72/282 Բանաձևի», — ասել է նա։

News.am