Մեկնարկել է համաժողով ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև համագործակցությունը խորացնելու տեսլականով

Մեկնարկել է Ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի եվրասիական հետազոտությունների չորրորդ երկօրյա համաժողովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ համաժողովն անցկացվում է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի կողմից և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության աջակցությամբ։

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազորդեսպան Ֆան Յոնգը նշեց, որ համաժողովի անցկացումը մեծ ձեռքբերում է. համաժողովը կենտրոնանում է շատ կարևոր հարցերի վրա, ինչպիսիք են եվրասիական երկրների և Չինաստանի միջև հարաբերությունները և դրանց կարևորությունը:

«Չինաստանը մեծ դեր է խաղում միջազգային համակարգում բարեփոխումներ իրականացնելու գործում: Մենք պատրաստ ենք անել մեզանից կախված ամեն ինչ մարդկության լավագույն ապագան կառուցելու համար: Չինաստանի և Եվրասիայի եվրասիական հետազոտությունների համաժողովն արդեն չորրորդ անգամ հաջողությամբ անցկացվում է՝ նպաստելով նոր գաղափարների և լուծումների ստեղծմանը: Այն լավ հնարավորություն է ինչպես Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ Չինաստանի և Եվրասիական տնտեսական միության հարաբերությունների շուրջ տարբեր հարցեր քննարկելու համար: Ես հույս ունեմ, որ տարբեր երկրների գիտնականներ և քաղաքական գործիչներ կօգտագործեն այս հնարավորությունը և կկիսվեն իրենց մտքերով ու գաղափարներով»,- ասաց դեսպանը:

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Սահակյանը նշեց, որ համաժողովին մասնակցում են գիտնականներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ և բիզնեսի ներկայացուցիչներ աշխարհի 31 երկրներից: Համաժողովի ընթացքում ելույթ կունենա 62 գիտնական և դիվանագետ: Նրանց մի մասը ներկա է, մյուս մասը համաժողովին կմիանա տեսակապի միջոցով: Համաժողովի միջոցով այս երկու օրերի ընթացքում շատերի ուշադրությունը ուղղված է լինելու Հայաստանի վրա»,- ասաց նա:

Մհեր Սահակյանը ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությունը և Չինաստանը 2018 թվականին կնքել են պայմանագիր, որը հնարավորություն է ընձեռում ԵԱՏՄ երկրներին ամրապնդել քաղաքական, տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանն ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությունը և Չինաստանը այժմ աշխարհաքաղաքական մեծ դեր ունեն:

«Եվրասիական տնտեսական միությունը համարվում է ամենակարևոր ինտեգրացիոն նախագիծը Եվրասիայում, իսկ Չինաստանի հետ հարաբերությունները պահանջում են ավելի մեծ ուշադրություն քաղաքական գործիչների, դեսպանների, գիտնականների և բիզնեսի ներկայացուցիչների կողմից»,-ասաց Գոհար Բարսեղյանը:

Համաժողովի երկրորդ օրը տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Սահակյանի հեղինակած «Ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցեր» դասընթացի ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը։