Աղաջանյան․ ՀՀ-ն համաձայնել է Արցախի ինքնորոշման հարցը ապագային թողնել ՌԴ-ի առաջարկով

Հայկական կողմը համաձայնել է Արցախի ինքնորոշման հարցը թողնել ապագային Ռուսաստանի առաջարկով։ Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Ռուսական կողմից եղել է առաջարկ, հայկական կողմը տվել է իր համաձայնությունը։ Կարգավիճակի քննարկմանը վերադառնալու հնարավորությունը կամ անհնարինությունը պետք է որոշի ռուսական կողմը։ Սակայն դա պետք է անել ոչ թե այն բանի հիման վրա, թե ինչ փաստաթուղթ է ընդունել Հայաստանը, այլ հաշվի առնելով, թե Ռուսաստանը որպես միջնորդ որքանով կարող կյանքի կոչել այդ առաջարկը», - ասել է Էդուարդ Աղաջանյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ՌԴ արտաքին գործերին նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել էր, որ այդ հարցը չի կարող մնալ ապագային, որովհետև Ալմա-Աթայի հռչակագրով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ–ի մաս է կազմում ու փաստացի, եթե Պրահայում այդ պայմանագիրը չստորագրվեր, հարցը հնարավոր կլինել թողնել, Աղաջանյանը պատասխանեց.

«Ես անհնարինության դրույթներ չեմ տեսնում այդ հայտարարության մեջ։ Կարծում եմ, որ որևէ հնարավորություն չի կորսվել։ Սա որևէ կերպ չի նշանակում, որ տևական ժամանակ անց հնարավոր չի լինի այդ հարցին անդրադառնալ»։

Ըստ Աղաջանյանի` այս թեմայի հետագա քննարկումները կախված կլինեն ոչ թե Ալմա-Աթայի հռչակագրից, այլ նրանից, թե որքանով ռուս գործընկերները կկարողանան իրականացնել այն առաջարկը, որին հայկական կողմը տվել է իր համաձայնությունը։

Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ նա նշեց, որ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի իրավիճակը փակուղի չմտնի։

Նշենք, որ երեկ Սերգեյ Լավրովը հայտնել էր, թե հոկտեմբերի վերջին կայացած քառակողմ հանդիպման ժամանակ ընդունված փաստաթղթում նշվում է, որ սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի համաձայն ճանաչված սահմանների վրա: Լավրովը նշել էր, որ Ալմա-Աթայի հռչակագրով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ–ի մաս էր կազմում։

Հիշեցնենք, որ Լավրովը նաև ասել էր, թե հայկական ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան Ղարաբաղի կարգավիճակի մասին, որքան այն մասին, որ պետք է ապահովել Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները։

Sputnik Արմենիա