ԵՄ ներկայացուցիչը Ադրբեջանին գովել է «Միջին միջանցքի» իրականացման գործում ակտիվության համար

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան գործընկերության և ինստիտուցիոնալ կառուցման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը Բաքվում է և հանդիպումներ է անցկացնում Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին հաղորդում են, որ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել տնտեսական, էներգետիկ, ներդրումային, տրանսպորտային և այլ ոլորտներում համագործակցության առկա օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանում ներկայիս իրադրության վերաբերյալ։

Բայրամովն ընդգծել է այս տարվա հուլիսի 18-ին Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը ոչ միայն ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա ավելացնելու, այլ նաև էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման տեսանկյունից։ Նա նշել է, որ տրանսպորտային միջանցքների ոլորտում ավելացող ջանքերի արդյունքում գրանցվել է Ադրբեջանի տարածքով անցնող բեռների ծավալների աճ։ Բայրամովը գոհունակությամբ նշել է «օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնողական գործունեությունում ներդրումներ կատարելու ԵՄ-ի շահագրգռվածությունը»։

Լ.Մերեդիթն իր հերթին ասել է, որ «Միջին միջանցքի» իրականացման հետ կապված Ադրբեջանի ցուցաբերած նախաձեռնությունն ու ակտիվությունը հանրապետությանը դարձնում է տրանսպորտի և տարանցման ոլորտի կարևոր գործընկերներից մեկը։ Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ի համար առաջնահերթ է ներդրումներ կատարել տարածաշրջանների տնտեսությունների, փոքր և միջին ձեռներեցության, այլընտրանքային էներգետիկայի, տրանսպորտի և թվային զարգացման համար։

Այսպիսով, արդեն որերորդ եվրոպացի պաշտոնյան լիակատար փոխըմբռնում է ցուցադրում Ադրբեջանի հետ, իհարկե, էներգակիրների փոխանակման դիմաց։ Հատկանշական է «Միջին միջանցքի» հիշատակումը. Ադրբեջանում և Թուրքիայում երթուղին անվանում են «միջին», այն նախատեսված է կապելու Չինաստանն ու եվրոպական երկրները՝ Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։

Սակայն ադրբեջանա-թուրքական տանդեմի՝ «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու համառ պահանջն ակնհայտորեն կապված է նախագծի հետ։ Խրախուսելով Ադրբեջանին՝ եվրոպացի պաշտոնյան այսպիսով խրախուսում է Հայաստանի նկատմամբ ագրեսիվ վարքագիծը։ Դժվար է պատկերացնել, որ նման մասշտաբի եվրոպացի պաշտոնյան դա չի հասկանում։

News.am