Միրզոյան․ ԼՂ բանակը պահանջված է, քանի որ հայության վրա շարունակում են կրակել

Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված չեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, քանի որ այնտեղ կա սեփական պաշտպանության բանակ։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունները, որոնք նա արել էր Մոսկվայում։ Բայրամովը նշել էր, թե Երևանը կրկին ամբողջությամբ չի կատարում նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները և հրաժարվում է դուրս բերել ՀՀ զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի տարածքից։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ՀՀ–ն Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում։ ԼՂ–ն ունի պաշտպանության բանակ, որի առաքելությունը այնտեղի բնակչության պաշտպանությունն է։ Այս առաքելությունն այսօր առավել քան երբևէ պահանջված է։ ԼՂ հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների»,– նշեց Միրզոյանը։

Նա ընդգծեց` երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների գոյաբանական վտանգը, այդ ժամանակ էլ կկարողանան հնարավոր տարբերակներ քննարկել։

«Նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները ոչ ամբողջությամբ են կյանքի կոչված, և խոսքն առաջին հերթին ռազմագերիների և ապօրինի կերպով պահվող պատանդառու մյուս անձանց ազատ արձակման ձգձգման մասին է»,– հավելեց Միրզոյանը։

Sputnik Արմենիա