«Մեր ընկալումները չեն փոխվել, բայց...». Միրզոյանը` հայ-հունգարական հարաբերության մասին

Առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Հայաստան-Հունգարիա դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցին։

«Տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մեր գնահատականը չի փոխվել, այսինքն` մեր ընկալումները նույնն են` հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ, այդ իրադարձությունները հիշելով` նաև հիշում ենք նախորդ տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան, այսինքն` նրանց անձամբ Երևան բերեցին»,–ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով` չեն կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում` 100 000 դեղաչափ պատվաստանյութ են նվիրել ՀՀ-ին։ Բացի այդ, ըստ Միրզոյանի, Հունգարիան Հայ առաքելական եկեղեցուն է զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերում։

ՀՀ ԱԳ նախարարը նշում է` բոլորը, երբ այս բոլորը կշեռքի նժարի վրա են դնում, ապա պետք է ընտրություն կատարեն դրականի և ապագայի վերաբերյալ։

Sputnik Արմենիա