Ովքե՞ր են «Հայաստան» խմբակցության նոր պատգամավորները

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը կարծում է, որ նոր պատգամավորների համալրումով խմբակցության աշխատանքի արդյունավետությունն էլ ավելի է բարձրանալու։ Խամոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ԿԸՀ–ի այսօր որոշմանը։

Հայտնել էինք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Վահե Հակոբյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի, Ելենա Կիրակոսյանի մանդատները ԿԸՀ արձանագրությամբ տրամադրվել են Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։

«Նրանք «Հայաստան» խմբակցության ցուցակի հերթական համարներն են։ Քաղաքական առողջ պրոցես է տեղի ունենում` այս ընթացքում եղան մարդիկ, որոնք հայտարարությամբ հանդես եկան և ներկայացրին մանդատից հրաժարվելու իրենց պատճառները։ Մեր ցուցակում կան բազմաթիվ մարդիկ, որոնք քաղաքական դեմքեր չեն եղել, և նախընտրական շրջանում հասարակությանը ծանոթացրել ենք մեր ցուցակի անհատներին»,–ասաց Խամոյանը։

Իսկ թե կոնկրետ ի՞նչ ոլորտով են նրանք զբաղվելու` Խամոյանը նշեց, որ չի շտապի գնահատականներ տալ այդ առումով։ Երբ 4 նորընտիր պատգամավորները խորհրդարան գնան, ամեն ինչ պարզ կլինի։

Միաժամանակ, կենտրոնական ընտրական հանձնաժողով «Հայաստան» դաշինքի ներկայացրած ցուցակից պարզ է դառնում, որ նորընտիր պատգամավորներ Մհեր Սահակյանն ու Արփինե Վարդանյանը ՀՅԴ–ական են։ Իրինա Գասպարյանն անկուսակցական է` «Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահն է։ Ինչ վերաբերում է Արման Ղազարյանին, ապա նա նույնպես անկուսակցական է, նախկինում Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել։