Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ, ՈՉ ԹԵ՝ ՀԱՅԵՐԸ

Մեր տարածաշրջանում բոլոր պատերազմները սանձազերծել է Ադրբեջանը, ոչ թե՝ հայերը: Այս մասին դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում «Ռազմական հակամարտությունների բնապահպանական ազդեցությունը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը: Ստորև ներկայացնում ենք նրա ելույթը.

«Հարգելի՛ գործընկերներ,

Սույն թվականի հոկտեմբերին նշել եմ, որ ԱՄՆ Կոնգրեսը հետաքննում է մեր տարածաշրջանում Ադրբեջանի կողմից արգելված/ապօրինի զինատեսակների կիրառման փաստերը: Այժմ կցանկանայի իրազեկել հանձնաժողովին, որ նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատում լսումներ են տեղի ունեցել, որտեղ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում 2020 թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից «սպիտակ ֆոսֆորային» ռումբերի, ինչպես նաև կասետային զենքի օգտագործման փաստերը: Նա նաև մտահոգություն է հայտնել այն մասին, որ այդ զինատեսակներն Ադրբեջան են ներկրվել Ուկրաինայից:

Այստեղ ադրբեջանցի պատգամավորը խոսում է հայերի կողմից արգելված զենքի կիրառման և ադրբեջանական քաղաքների ռմբակոծման մասին: Դրանք բոլորը հետաքննման և հաստատման պահանջ ունեն, որոշները մերկապարանոց մեղադրանքներ են, մինչդեռ ԱՄՆ Կոնգրեսում հաստատվել է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառման փաստը:

Երկու խոշոր պատերազմների ժամանակ` 1990-ականներին և 2020 թ. ադրբեջանական զինուժն օգտագործեց Լեռնային Ղարաբաղը նվաճելու բոլոր հնարավոր միջոցները: Այս հարձակումների ժամանակ ադրբեջանական ուժերն ավերեցին ինչպես քաղաքացիական տարածքներ, այնպես էլ` հոգևոր և մշակութային ժառանգության վայրեր և շրջակա միջավայրը: Դեռ կարելի է տեսնել այդ ռազմական գործողությունների բազմաթիվ սպիներ:

2020 թ. Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 բնակչությունը դիմակայեց 10 միլիոնանոց Ադրբեջանին, 85 միլիոն բնակչությամբ նրա դաշնակից Թուրքիային և նրանց առաջադեմ սպառազինության համակարգերին: Այս անգամ Ադրբեջանն այլ` առավել ավերիչ պատերազմ էր մղում` օգտագործելով ավելի մահաբեր զինատեսակներ, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր և արգելված «սպիտակ ֆոսֆորային» ռումբեր:

Ավելին, Թուրքիան Սիրիայից և Լիբիայից իսլամիստ վարձկաններ էր ներմուծել տարածաշրջան: Բացի այդ, ափսոսանքով կուզեի նաև նշել, որ բանաձևի և դրան առնչվող հանձնարարականների նախագծերում որևէ անդրադարձ չկա զինված հակամարտություններում արգելված/ապօրինի զենքին և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությանը: Ուստի վճռականորեն առաջարկում եմ կատարել համապատասխան փոփոխությունները, որոնք նախապես ուղարկել էի զեկուցողին:

Հանձնաժողովում այս հարցի քննարկումների ընթացքում բազմիցս բարձրացվել է որոշ պետությունների կողմից կառուցողական դիրքորոշման բացակայության հարցը, ինչը խոչընդոտել է անկախ փորձագետների այցերը հակամարտող շրջաններ` ամբողջությամբ և օբյեկտիվորեն գնահատելու համար զինված հակամարտությունների ազդեցությունն այդ տարածաշրջանների շրջակա միջավայրի վրա:

Հաշվի առնելով այս հարցի կարևորությունը` կցանկանայի նաև առաջարկել Նախարարների կոմիտեին ուղղված առաջարկություններում ներառել դրույթ` դիտարկելու հակամարտության և հետկոնֆլիկտային շրջաններում անկախ փորձագիտական վերահսկողության կամ բնապահպանական վիճակի մոնիթորինգի մեխանիզմների մշակման և իրականացման հնարավորությունը:

Ավստրիայի հարգարժան պատգամավորին ուզում եմ ասել, որ նա շատ խեղաթյուրված պատկերացումներ ունի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին: Սարսանգի ջրամբարը երբևէ Ադրբեջանի մաս չի եղել, այն միշտ եղել և գտնվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում և չէր կարող օկուպացվել հայերի կողմից: Ցավալի է, որ Դուք կառչում եք, այսպես կոչված, «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացման» մասին ադրբեջանական քարոզչական պատումից` չիմանալով, թե ինչ տարածքների մասին է խոսքը: Եթե այսպես շարունակվի, շուտով Ձեզնից կարող ենք լսել, որ Ղարաբաղի հայերն օկուպացրել են նաև Լեռնային Ղարաբաղը:

Բայց Ձեր կողմից ավելի ազնիվ կլինի նշել, որ մեր տարածաշրջանում բոլոր պատերազմները, մասնավորապես, Ղարաբաղյան առաջին պատերազմը, 2016 թ. ապրիլյան պատերազմը, 2020 թ. 44-օրյա պատերազմը, սանձազերծել է Ադրբեջանը, ոչ թե` հայերը: Վերջնական նպատակը մեկն է եղել` ոչնչացնել հայերին: Հայերը ոտքի են կանգնել` պաշտպանելու իրենց, պաշտպանելու իրենց հողը, վերականգնելու իրենց ազգային ինքնորոշման ձգտումը և գործնականում` գոյության իրավունքը: Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ուժերը, պաշտպանվելով հարձակվող ադրբեջանական ուժերից, 1993 թ. ստիպված եղան նրանց հարկադրել նահանջել` արդարացիորեն օգտվելով ինքնապաշտպանության միջազգայնորեն ամրագրված իրենց իրավունքից:

Լեռնային Ղարաբաղի պաշտպաններն այդպիսով ստեղծեցին «անվտանգության գոտի», որը խաղաղ բնակչությանը պաշտպանում էր կրկնվող, գրեթե ամենօրյա ադրբեջանական ներխուժման վտանգներից մինչև 2020 թ. աշուն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի խորհրդարանի մեր գործընկերոջը, ով իմ փոխարեն Ադրբեջանի ներկայացուցչին պատասխանեց, որ ղարաբաղյան հակամարտության գոյությունը ժխտելու Ադրբեջանի ցանկությունն իրականության հետ որևէ աղերս չունի:

Այո’, Ադրբեջանի կառավարությունը, ինչպես նաև այս վեհաժողովում նրա ներկայացուցիչները, ցանկանում են, որ մենք մոռանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նրանք չեն ցանկանում, որ մենք հիշատակենք Արցախում ինքնորոշված հայ ժողովրդին, նրանք չեն ցանկանում, որ դուք խոսեք 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով մարդկային ահռելի զոհերի մասին:

Ավելին, Ադրբեջանը 2021 թ. մայիսից օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, իսկ այս սեպտեմբերին Հայաստանի հարավում իրականացրել է նոր եռօրյա ինտենսիվ ռազմական գործողություններ, որոնք պատճառ են դարձել 200-ից ավելի զոհերի, և հրաժարվում է լքել նոր օկուպացված հայկական տարածքները: Կոչ եմ անում ԵԽԽՎ բոլոր անդամներին` հակամարտությունը քննարկելուց խուսափելու փոխարեն ազնվորեն նշել, թե ով է պատերազմները սանձազերծել անցած 30 տարիների ընթացքում, ով էր հետևողականորեն էթնիկ զտումների պետական քաղաքականություն իրականացնում, ով էր 44-օրյա պատերազմում օգտագործել արգելված «սպիտակ ֆոսֆորային» ռումբեր, և բարձրաձայնել 2022 թ. գարնանը և աշնանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում հայերի դեմ իրականացված ռազմական հանցագործությունները»:

News.am