Բաքուն նոտա է հղել ռուսական կողմին` պահանջելով մուտք գործել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր
Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել ռուսական կողմին՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի շուրջ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի տարածած հայտարարության մեջ։
«Արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել ռուսական կողմին: Մենք կոչ ենք անում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ ապահովել Ադրբեջանի ներկայացուցիչների մուտքն այդ դաշտեր»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Մարտակերտի շրջանի ականների մոնիտորինգի նպատակով Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի հրամանատարությանը ուղղված նամակը, ծրագրել էր այցելել Դրոմբոն և Կաշենի հանքավայրեր։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ խաղաղապահ զորքերի հրամանատարությունը վերադասների հանձնարարականով թույլ է տվել մեկանգամյա դիտարկողական այց վերոնշյալ տարածքներ։
«Հաշվի առնելով, որ առաջարկվող ծրագիրը համաձայնեցված չէր Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքերը շահագործող կազմակերպության հետ, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցները և հարակից բնակավայրերի բնակիչները ինքնաբուխ արգելափակել են վերոնշյալ խմբի մուտքը հանքավայրերի տարածքներ։
Իրավիճակը կարգավորելու համար Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչները մեկնել ենն հանդիպման վայրեր, և բանակցությունների արդյունքում որոշվել է դադարեցնել հանքավայրերի ծրագրված շրջանցումը և լրացուցիչ քննարկումներից հետո հարցը լուծել։
Կոչ ենք անում Արցախի Հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ չճշտված տեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Վստահեցնում ենք, որ իշխանությունները ձեռնարկում են բոլոր քայլերը՝ ավելորդ լարվածությունից խուսափելու և բոլոր հարցերը Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լուծելու համար»,- ասված է ուղերձում։
News.am