ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՇՈՒՏ ՉԵ՞Ն ՍԿՍԵԼ ՄՏԱԾԵԼ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՍՏԾՈ ՄՈՐՈՒՔԻՑ ԲՌՆԵԼ․ ԶԱՏՈՒԼԻՆԸ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Լաչինի միջանցքի արգելափակումը մարտահրավեր է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությանը. Ռուս–հայկական համագործակցության «Լազարյան ակումբի» հիմնադիր, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վտանգավոր սրվել է։ Ադրբեջանն արդեն մի քանի օր է՝ ապօրինի և հանդուգն կերպով փակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետության հետ կապող կյանքի միակ ճանապարհը։ Հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում շրջակա միջավայրի մասին հոգ տանելու կեղծ պատրվակով ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները։

Բաքուն շտապում է իրականություն դարձնել իր նպատակները։ Ադրբեջանական նոր սադրանքը հայերին հայրենի հողից կտրելու ռազմավարության մի մասն է, որը կարող է հումանիտար աղետ առաջացնել Լեռնային Ղարաբաղում։

Կասկածի տակ է դրված սննդամթերքի և դեղորայքի մատակարարումը, ինչպես նաև հանրային ծառայությունների բնականոն գործունեությունը։ Լաչինի միջանցքի փակմանը գումարվեց գազամատակարարման դադարեցումը, որն այլևս չի կարելի համարել, այսպես կոչված, բնապահպանական նախաձեռնություն։ Դպրոցները դադարել են գործել, ձմռանը ջեռուցումից զրկվելու սպառնալիքի տակ են մնացած բոլոր սոցիալական օբյեկտները։

Ըստ իս, Բաքվի գործողությունները նաև փոխզիջումների ստիպելու և տարածաշրջանում ռուս խաղաղապահների առաքելությունը խաթարելու փորձ են։ Բաքուն, ըստ երևույթին, կարծում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի առճակատումն Արևմուտքի հետ բարենպաստ պահ է Անդրկովկասում իր ազդեցության դերը թուլացնելու համար։ Ադրբեջանում շուտ չե՞ն սկսել մտածել, որ կարող են Աստծո մորուքից բռնել։

Իմ անունից և միջազգային «Լազարյան ակումբի» խորհրդի անունից պահանջում եմ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։

Հուսով եմ, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարները, դիվանագետներն ու զինվորականները համոզիչ փաստարկներ կգտնեն իրավիճակը նորմալ հունի վերադարձնելու համար։ Հետաձգման հետագա և հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը։

Մենք միասին ենք»։

A1Plus.am