Մենք աշխատում ենք ՌԴ–ի հետ, և ընդդիմությանն էլ նույնը կոչ կանեի. Գրիգորյանը` Լաչինի մասին
Ադրբեջանը Լաչինի միջանքը բնապահպանների քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում։ ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պահանջում Ադրբեջանը ճանապարհը բացելու համար։
«ՀՀ–ն շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանքը բացի, Արցախում ապրող հայերը հումանիտար ճգնաժամից խուսափեն, և ստեղծված ճգնաժամն արագ հանգուցալուծում ստանա»,–ասաց Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգության ապահովողը ՌԴ–ն է.
«Ես կոչ կանեի ընդդիմությունը նաև այս ուղղությամբ աշխատել, որ Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները և Լաչինի միջանցքում ապահովի անխափան երթևեկություն։ Մենք էլ աշխատում ենք ՌԴ–ի հետ այդ հարցով»։
Գրիգորյանը նշեց` պրովոկացիան, որը կազմակերպել է Ադրբեջանը, պետք է զգոն պահի բոլորին, իսկ իշխանությունն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործում է ճգնաժամը հանգուցալուծելու համար։
Նրա խոսքով` ՀՀ–ն շարունակում է իր պարտավորությունը կատարել Արցախի նկատմամբ, իսկ նման պարտավորությունները բազմապիսի են։
Sputnik Արմենիա