Իսպանիայի Կոնգրեսը հայտարարություն է ընդունել Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ
Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի դեսպանատնից։
Հայտարարության մեջ նշվում է, որ արդեն 11 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միակ ցամաքային կապը։ Միևնույն ժամանակ դադարեցվել է այս տարածք գազամատակարարումը` իրավիճակ, որը, ըստ հայտարարության, հանգեցրել է հումանիտար ճգնաժամի և լարվածության աճ է գրանցել տարածաշրջանում։
«Այս պատճառով և Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշմանը համահունչ՝ պատգամավորների Կոնգրեսը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան։ Ազատ տեղաշարժի սահմանափակումները մեծ տառապանք են պատճառում բնակչությանը և կարող են ստեղծել հումանիտար ճգնաժամ»,–ասված է հայտարարության մեջ;
Նշվում է նաև, որ պատգամավորների կոնգրեսը հորդորում է միջազգային կառույցներին կանխելու տարածաշրջանում նոր հումանիտար ճգնաժամը։ Բացի այդ, կոչ է անում կողմերին լուծելու և հարթելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով:
Sputnik Արմենիա