ՓԼՈՒԶՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ. ԿԵՂԾ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐԻ ՆԵՐՔՈ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման խորապատկերին, ինչի արդյունքում Արցախը հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ, այն խորապատկերին, որ ռուս խաղաղապահները նախընտրում են բանակցել «բնապահպան ահաբեկիչների» հետ (որոնք լկտիաբար թույլ չեն տալիս անցնել նույնիսկ ՌԽԶ-ի շարասյանը)՝ Իլհամ Ալիևի անվան ողջ այդ կեղծ բնապահպանական ավազակախմբին ուժային ճանապարհով ցրելու փոխարեն, հակառուսական տրամադրությունները, կարգախոսները, կոչերը ինչպես առհասարակ հայ հասարակայնության, այնպես էլ տեղի գրառումամոլ ռուսատյացների շրջանում սաստկացել են անասելիորեն։

Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ օբյեկտիվ հարցեր, անշուշտ, կան։ Ինչո՞ւ է նա հապաղում, նախընտրելով ռևերանսներն ու բանակցությունները՝ ճանապարհի բացման ուղղությամբ կոնկրետ գործողությունների փոխարեն։ Այն, որ նման դանդաղկոտությունը չի ավելացնում հայերի համակրանքը ռազմավարական դաշնակցի նկատմամբ, փաստ է, որն անհնար է անտեսել։ Սակայն փաստ է նաև մեկ այլ բան. իրավիճակը ողջ թափով ահագնացվում է «սորոսական» թորվածքի պաթոլոգիկ ռուսատյացների կողմից՝ հակառուսական տրամադրությունները հրդեհի թեժության հասցնելու նպատակով։ Թե որքան կործանարար կարող են լինել հետևանքները Հայաստանի ու Արցախի և ընդհանրապես հայոց պետականության համար՝ նրանց չի հետաքրքրում։ Ընդ որում փաստերի խեղաթյուրումներն այն աստիճան պարզունակ են, իսկ փաստարկները՝ միակողմանի և հեռու օբյեկտիվությունից, որ կասկած չի առաջանում այն մարդկանց ծախվածության հարցում, որոնք պախարակում ու վիրավորում են ռուս խաղաղապահներին, ինչպես նաև բոլոր այն հայրենակիցներին, ովքեր փորձում են օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը՝ առանց դանդաղկոտ ռազմավարական դաշնակցին պատեհ ու անպատեհ կսմթելու։

Պաթոլոգիկ ռուսատյաց ողջ այդ եղբայրությունը, որը կեղծ հայրենասիրական լոզունգների ներքո «ուռա՜» գոչյունով ձգտում է դեպի Արևմուտք, իհարկե, ի հայտ է եկել բնավ ոչ այսօր. տարբերությունը լոկ այն է, որ այսօր նա հայտնվել է ալիքի գագաթին՝ աջակցություն և խրախուսանք ստանալով իշխանությունների կողմից։

Այդպիսի կերպարներից մեկը՝ Արևմուտքի տխրահռչակ ջատագով, «Հայաստանի Եվրոպական կուսակցության» համանախագահ Տիգրան Խզմալյանը Արցախի շրջափակման առնչությամբ պարզապես «սրտի տոն» կազմակերպեց իր ֆեյսբուքյան էջում՝ հայտարարելով, որ ոչ թե ադրբեջանցիներն են փակել ճանապարհը, այլ «ռուս «խաղաղապահ» տեռորիստները», վրդովվելով, թե «ինչո՞ւ է ողջ աշխարհը Արցախի շրջափակման համար մեղադրում Բաքվին, այլ ոչ թե Մոսկվային»։ Եվ իբր՝ «Ռուսաստանը նույն զենքն է օգտագործում և՛ Ուկրաինայի, և՛ Արցախի դեմ. Գոլոդոմորը», և ողբալով, թե «ռուս դահիճի անունը չտալով, շարունակում ենք մեղադրել թրքական կացինը»…

Հատկանշական է, որ նույն կերպարը, որը հիրավի «ուկրաինական» ոգով կոչ է անում քանդել Պուշկինի հուշարձանները և համատարած անվանափոխել «սխալ» օբյեկտները, դեռևս 2020 թվականի դեկտեմբերին պնդում էր, թե Հայաստանի համար միակ լուծումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելն է կամ վերանալը։ Այն փաստը, որ ՆԱՏՕ-ն Թուրքիան է, որ թուրքական բայրաքթարները սպանում էին հայ զինվորներին 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ լուսավորյալ Եվրոպան լռում էր (բացառությամբ Ֆրանսիայի) կամ «խոր մտահոգություն» հայտնում, Խզմալյանին, իհարկե, չի հուզում, ինչպեսև այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդ լինելու կոչված ԵՄ երկամսյա առաքելությունը իր աշխատանքի ընթացքում աչքի ընկավ նրանով, որ ոչնչով աչքի չընկավ։ Չնայած Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման բազմաթիվ դեպքերին, այդ առաքելությունը հաջողացրեց ոչ մի անգամ չարձանագրել դրանք։

Ճիշտ նույն կերպ, հրճվելով այն փաստով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Արցախի շրջափակումը, Խզմալյանն ու ընկերախումբը ինչ-որ մոռանում են հիշատակել, որ Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան գործողությունները հստակ դատապարտող որևէ բանաձև քննարկման արդյունքներով չի ընդունվել, իսկ իրավիճակի ապաէսկալացման կոչերը, ինչպես միշտ, հասցեագրվել են երկու կողմերին։

Մինչդեռ հասկանալի է, որ «խզմալյանների» ու նրա նմանների գործունեության էությունը ամենևին էլ իրականության օբյեկտիվ պատկերումը չէ։ Հիշենք, թե ինչպես էին վերջերս ՌԴ նախագահի այցը Հայաստան և Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանն ուղեկցվում ծայրահեղ արևմտամետ, ազգայնամոլ և ռուսատյաց խմբավորումների կողմնակիցների կատաղի բողոքի ցույցերով, ինչպիսիք են «Ազգային-ժողովրդավարական բևեռը» կամ նույն տխրահռչակ «Եվրոպական կուսակցությունը»։ Հիշենք, թե ինչպես Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի ժամանակ Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ միտինգ, որի մասնակիցները հերթական անգամ պահանջեցին Հայաստանի ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ «Եթե մենք դուրս գանք ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, միանանք ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, կվերադարձնենք մեր կորցրածը, մեր հողերը»,- պաթոսով հայտարարում էր այն ժամանակ վերոհիշյալ Տ.Խզմալյանը։ Ինչ աստիճանի պիտի ապուշի տեղ դրած լինես հայրենակիցներիդ, որ ամենայն լրջությամբ նման բան ասես։

Սակայն ասում են, քարոզում, աղաղակում, լցնելով իշխանության տրամադրած տեղեկատվական տարածքը։ Ի դեպ, Արամ (Զավենի) Սարգսյանի, Լևոն Շիրինյանի, Դավիթ Սանասարյանի և այլոց հետ մեկտեղ՝ Խզմալյանն առաջվա պես ընդգրկված է Արտախորհրդարանական ուժերի խորհրդատվական խորհրդի կազմում, որի անդամները կանոնավորապես հանդիպում են վարչապետ Փաշինյանի հետ։ Այդ կերպարները, ինչպեսև արևմտամետ այլ գաճաճ կուսակցությունների ակտիվիստները, ինքնակոչ «փորձագետները», որոնց մասին դեռ երեկ ոչ ոք չէր լսել, բնակռել են հեռուստաալիքներում (այդ թվում նաև իշխանության հետ անմիջականորեն փոխկապակցվածներում), ինտերնետ հարթակներում, այլ լրատվամիջոցներում։

Վերլուծական տվյալներով, հոկտեմբերի ընթացքում Հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքով «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը՝ ամենադիտվող հեռուստաժամերին, մասնակցել են հակառուսական ուղղվածության 14 փորձագետներ, Փաշինյանի իշխանության 10 ներկայացուցիչներ, չափավոր ուղղվածության մեկ ընդդիմադիր գործիչ՝ Խոսրով Հարությունյանը, ընդդիմության մեկ նախկին պատգամավոր՝ Արթուր Ղազինյանը, Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարարը և համալսարանի ռեկտորը, որին իշխանությունները ցանկանում են միացնել Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը։

Նույն ալիքով հեռարձակվող մեկ այլ հաղորդման՝ «Հանրային քննարկում» հաղորդաշարի պարագայում, որտեղ բանավեճին մասնակցում է 4 հոգի, և քննարկվող թեմաների կողմնակիցների ու ընդդիմախոսների թիվն ըստ էության պիտի հավասար լինի, հետևյալ պատկերն է. հրավիրված 24 փորձագետներից 19-ը հակառուսական հայացքներ ունեին, կար մեկ ընդդիմադիր և դեռևս չեզոք փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Եթե դիտարկենք Free News հեռուստաալիքի եթերը, ապա հոկտեմբերին վերջին 10 հաղորդումների ընթացքում այնտեղ հյուրընկալվել են նույն ռուսատյաց կերպարները. Խզմալյան, Լևոն Շիրինյան, Զարեհ Սինանյան, Արամ Զավենի Սարգսյան, Ստեփան Գրիգորյան, Արման Բաբաջանյան և այլն։

Իսկ եթե սոցցանցերում փնտրենք, թե հոկտեմբեր ամսվա ընթացքում ինչ մտքեր են արտահայտել առաջատար հեռուստաալիքներ հրավիրվող արևմտամետ փորձագետները, ապա ուրվագծվում է շատ հետաքրքիր պատկեր։ Բերենք օրինակները։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյան. «Հայաստանի քաղաքական ընտրությունը պետք է լինի իր սուբյեկտայնությունը՝ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու միջոցով»։

Փորձագետ, «Առավոտ» թերթի ռուսալեզու տարբերակի նախկին խմբագիր, «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյան. «Այն բանից հետո, երբ գրողի ծոցը կուղարկվեն Կոստիկ-Մարգոները (խոսքը Զատուլինի և Սիմոնյանի մասին է-Զ.Գ) պետք է եթերից դուրս շպրտել ռուսական հեռուստաալիքները։ Դեռուսիֆիկացիան պետք է անցկացվի անհապաղ»:

«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյան. «Հայաստանի վերջնական ապագաղութացումը տեղի կունենա Ռուսաստանի երրորդ գլոբալ նահանջի արդյունքում»։

«Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյան. «Մի հավատացեք նացիոնալ-շովինիստական տականք Պուտինի ոչ մի բառին։ Հայկական նոր դարաշրջանի համար նա Թալեաթն է (1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը-Զ.Գ.)։ Այդ չեկիստի գլխավոր նպատակը հայոց պետականության ոչնչացումն է, բայց նրա հորդաները հիմա մահվան են մատնվում Ուկրաինայի տափաստաններում։ Պուտինի մոտ ոչինչ չի ստացվի»։

Ի դեպ, շեղվելով թեմայից՝ այստեղ Շիրինյանին խորհուրդ կտայի կարդալ, թե ինչ են գրում ուկրաինական ԶԼՄ-ները Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ։ Երբ այս տարվա մարտին Ադրբեջանը հերթական անգամ խախտեց Արցախի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները, Ուկրաինական պարբերականները, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտման մասին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունը և զորքերը «ելման դիրք հետքաշելու» ՌԴ-ի կոչը Բաքվին, տեղեկատվություն էին մատուցում հետևյալ ոգով. «Մարտի 24-ին Հայաստանը հայտարարել է, թե ադրբեջանական զորքերը, իբր, հարձակման են անցել Լեռնային Ղարաբաղում», «հայտարարության մեջ ասվում է, թե Ադրբեջանը «Bayraktar-TB2» ԱՕԹՍ-ով չորս հարված է հասցրել աշխարհում ոչ մեկի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումներին» և այլն։ Կարդացեք, հետաքրքրվեք, Google-ը ձեզ օգնական…

Ամփոփելով վերն ասված ամենը, նշենք. մենք բազմիցս գրել ենք այն մասին, որ հակառուսական տրամադրությունները հայ հասարակության մեջ հրահրվում են կատաղի տեմպերով, խիստ համակարգված և բավական հաջող։ Որպես արտաքին կառավարման և հակառուսական գործոնի ահագնացման գործիք՝ հասարակական կարծիքը վերաձևաչափելու և երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը փոխելու նպատակով, անխոնջ աշխատում են արևմտյան գրանտների հաշվին սնվող բազմապիսի տեղական ՀԿ-ները, «իրավապաշտպանները», որոշակի քաղաքական ուժեր... Եթե այսպես շարունակվի, շուտով հակառուսական տրամադրությունները կդառնան մեյն-սթրիմ՝ անդառնալի ծանր հետևանքներով ինչպես հայկական պետականության, այնպես էլ հենց Ռուսաստանի համար։ Ինչպես հայտարարեց «ԳԱ»-ին տված իր վերջին հարցազրույցում Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը, անգործությունը սպառնում է Ռուսաստանին «Հարավային Կովկասում հեղինակության կորստով և, վերջնական արդյունքում, Հարավային Կովկասի կորստով»: Թե ինչով է սպառնում տեղի ունեցող ամենը մեզ, բացատրել, հավանաբար, պետք չէ. միլիոն անգամ գրվել է։

Իսկ ինչ վերաբերում է Արևմուտքի դիրքորոշմանը, ապա մեկ արտահայտությամբ դա առավել քան դիպուկ բնորոշել է Թվիթերում բրիտանացի լրագրող Ջեյք Հանրահանը. «Դաժան հեգնանքն այն է, որ Ադրբեջանն արգելափակում է գազը Ղարաբաղում հայերի համար, որպեսզի սառեցնի նրանց, քանի որ ԵՄ-ն գովում է Ալիևին Արևմուտքին գազ վաճառելու համար»…