ՏԵՍԵՔ՝ Ո՜Վ Է ԽՈՍՈՒՄ…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պարենամթերքի պակաս կա, իսկ հումանիտար իրավիճակը մնում է ծայրահեղ լարված:

«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է. թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և մասնավորապես վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, հաղորդում է Մեդիամաքս-ը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը բավական լայն միջազգային արձագանք է հարուցել, և միջազգային հանրության ակտիվությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում պետք է զգալիորեն աճի: «Ակտիվորեն պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- ասել է նա:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Փաշինյանի այս հայտարարությունը Հայաստանում շատերին միանգամայն տեղին թվաց։ Իսկապես, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ միջանցքի անխափան և անվտանգ գործունեության պատասխանատվությունը դրված է ռուս խաղաղապահների ուսերին։ Եվ այս իրավիճակում, երբ գրեթե երկու շաբաթ շարունակ Արցախի կյանքի ճանապարհը փակ է, հայ հասարակությունը, իհարկե, հիմնավոր հարցեր ունի տալու ռուսական կողմին։ Այստեղ պետք է ընդգծել ցուցանշական նրբերանգը։ Հարցերն ուղղված են ոչ թե հրաման կատարող խաղաղապահներին, այլ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Այդ հարցերը պաշտոնական Երևանը կարող էր բարձրացնել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրված հանդիպման ժամանակ։ Բայց տվյալ հնարավորությունից նա (պաշտոնական Երևանը) հրաժարվեց։ Ընդ որում, այդ որոշման հիմնավորումն ուղղակի անհեթեթ էր։ Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի խոսքերով, հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ տվյալ պահին Հայաստանի արտգործնախարարի առաջնահերթությունը առաջացած խնդիրների լուծումն է. Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի և Լաչինի միջանցքի անխափան վերագործարկման: Այսինքն Արարատ Միրզոյանը չմեկնեց Մոսկվա և Լաչինի միջանցքի հետ կապված պահանջներ չներկայացրեց Լավրովին այն պատճառով, որ իր համար առաջնահերթ է Լաչինի միջանցքը։ Այո, դա անհեթեթ է թվում: Բայց բնավ ոչ միայն դա:

Ահավասիկ Երևանը վարչապետի շուրթերով գանգատվում է խաղաղապահներից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ, հայտարարում, որ խնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ներգրավվածության մակարդակն անհրաժեշտ է բարձրացնել։ Մինչդեռ ինքը՝ Երևանը դրա (խնդրի) լուծման համար չի ձեռնարկում նույնիսկ ամենատարրական, ամենաբնական քայլեր։ Այսպես, Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման խորապատկերին Հայաստանի օդային տարածքը շարունակում են հանգիստ ակոսել ադրբեջանական ինքնաթիռները։ Այսինքն Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը, իսկ Հայաստանը շարունակում է փող վաստակել Բաքվի և Նախիջևանի միջև օդային միջանցք տրամադրելու հաշվին։ ՔԱԿ-ում մեկնաբանել են այն հարցը, թե մտադիր չէ՞ արդյոք Հայաստանը փակել իր օդային տարածքը Ադրբեջանի համար՝ Լաչինի միջանցքի արգելափակման պայմաններում: Ինչպես հայտնել են Sputnik Արմենիային Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում ադրբեջանական AZAL ազգային ավիափոխադրողը Հայաստանին վճարել է մոտ 112 հազար եվրո՝ ՀՀ օդային տարածքով Բաքու-Նախիջևան ուղևորատար չվերթների համար...

ԱՅՍՏԵՂ, Ի ԴԵՊ, ԱՐԺԵ ՀԻՇԵԼ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՎ ԵՐԲ ԲԱՑՎԵՑ ԱՅԴ ՕԴԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԸ։ Դա տեղի ունեցավ անցած տարի՝ հոկտեմբերին։ Այն ժամանակ Իրանը փակեց իր օդային տարածքը Ադրբեջանից Նախիջևան ռազմական բեռնափոխադրումների համար։ Այդ մասին հաղորդագրությունը թվագրվում է 2021 թվականի հոկտեմբերի 5-ով։ Իսկ արդեն նույն թվականի հոկտեմբերի 6-ից Հայաստանը օդային միջանցք տրամադրեց Ադրբեջանին։

Դա (հայկական օդային միջանցքը AZAL-ի համար) անխափան գործում է առ այսօր՝ Լաչինի միջանցքի արգելափակման խորապատկերին։ Դա անխափան գործել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի խորապատկերին, որի արդյունքում ադրբեջանցիները զավթեցին մոտ 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածք և սպանեցին Հայաստանի 224 քաղաքացիների…

Այո, հայ հասարակությունը կարող է և պետք է հարցեր ունենա՝ կապված Լաչինի միջանցքի արգելափակման համատեքստում ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետության հետ։ Այո, հայ հասարակությունը կարող է հույսեր կապել միջազգային հանրության արձագանքի հետ։ Սակայն հայկական իշխանությունը հաստատ իրավունք չունի որևէ մեկին որևէ բանում մեղադրել, ինչ-որ կոչեր անել։ Այն իշխանությունը, որը նույնիսկ այս պայմաններում պարզագույն հակազդեցություն չի ձեռնարկում Ադրբեջանի նկատմամբ։