ՆԱՏՕ-ի երկրներն առաջիկա ամիսներին կքննարկեն պաշտպանական ծախսերի նպատակային ցուցանիշները. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի երկրներն առաջիկա ամիսներին կքննարկեն պաշտպանական ծախսերի նպատակային ցուցանիշները, քանի որ նրանցից որոշները կոչ են անում 2 տոկոս նպատակային ցուցանիշը դարձնել նվազագույն։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը գերմանական DPA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Որոշ դաշնակիցներ վճռականորեն հանդես են գալիս այն բանի օգտին, որ ներկայիս ցուցանիշը 2 տոկոսից դառնա նվազագույն»,-ասել է նա։

Սթոլթենբերգը հայտարարել է, որ կգլխավորի բանակցությունները։ «Մենք կհանդիպենք, կունենանք նախարարական հանդիպումներ, կունենանք բանակցություններ մայրաքաղաքներում»,-ասել է նա։

Ընդ որում, նա չի նշել, թե  ՆԱՏՕ-ի որ երկրներին են ավելի հավակնոտ նպատակների կոչ անում։

ՆԱՏՕ-ի ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է համաձայնության հասնել ոչ ուշ, քան ՆԱՏՕ-ի հաջորդ հերթական գագաթաժողովը, որը տեղի կունենա Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հուլիսի 11-12-ին։  

News.am