ԵՌԱԲԼՈՒՐԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐՆԵՐԸ

Ամանորի նախաշեմին Ֆեյսբուք սոցցանցում սկսեցին տարածել 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Եղիազարյանի մոր՝ արցախցի Ռոմելա Մուսայելյանի գրառումը։ Նա գրում էր, որ Բերձորի միջանցքի արգելափակման պատճառով չի կարողանում գալ Երևան և խնդրում էր դեկտեմբերի 31-ին Եռաբլուր գնացողներին այցելել իր որդու շիրիմին։ 19-ամյա Արթուրը դիպուկահարի կրակոցից զոհվել է Մարտունիում նոյեմբերի 8-ին՝ հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց բառացիորեն մի քանի ժամ առաջ։

Դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան համացանցում հայտնվեց զոհված զինվորի գերեզմանի լուսանկարը. այն պատված էր ահռելի քանակությամբ ծաղիկներով։ Հաղորդվում էր, որ արձագանքելով մոր խնդրանքին՝ շիրիմին այցելել են «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպության անդամները, ինչպես նաև այլ քաղաքացիներ: Արթուր Եղիազարյանը Ամանորի գիշերը մենակ չմնաց. մոր փոխարեն նրա հիշատակին խոնարհվեցին սրտացավ հայրենակիցները, որոնց համար 44-օրյա պատերազմում զոհվածները բոլորն էլ մեր հերոսներն են, մեր հավերժ հիշողությունն ու երախտագիտությունը: Նրանք, ում մենք հավերժ պարտական ենք, և Եռաբլուրում նրանց շիրիմներին այցելելը ամենափոքր բանն է, որ կարող ենք անել նրանց համար։

Ամանորի գիշերը պանթեոն բարձրանալն արդեն ավանդույթ է դարձել։ Արդեն երեք տարի շարունակ դեկտեմբերի 31-ին բազմաթիվ մարդիկ տանը հարմարավետ սեղան նստելու փոխարեն նախընտրում են դիմավորել լուսաբացն այստեղ՝ զինվորական պանթեոնում։ Ընդ որում՝ ոչ միայն զոհված տղաների ծնողներն ու հարազատները, այլև Ամանորի գիշերը Եռաբլուր այցելելն իրենց քաղաքացիական ու հայրենասիրական պարտքը համարող բազմաթիվ մարդիկ։ Այս տարի այնտեղ էին նաև արցախցի երիտասարդներ, որոնք արգելափակման պատճառով զրկված էին տուն վերադառնալու և Նոր տարին իրենց ընտանիքների հետ դիմավորելու հնարավորությունից, ինչպես նաև ՀՅԴ երիտասարդների մոմերով երթի մասնակիցները։

Բայց այս ավանդույթը կրում է բնավ ոչ միայն զուտ բարոյական կամ հայրենասիրական բնույթ. այն նաև յուրօրինակ մարտահրավեր է իշխանությունների հակահայկական քաղաքականությանը, ազգային արժեքներին հավատարմության, Արցախին նվիրվածության հրապարակային ցուցադրում, ապացույց այն փաստի, որ ի հեճուկս ամենի՝ Հայաստանում ոչ բոլորն են անտարբեր Հայրենիքի ճակատագրի և տեղի ունեցող ամենի նկատմամբ: Այս ավանդույթը յուրօրինակ քաղաքական ակցիա է դարձել իշխանական թիմի ցինիզմի դեմ, որը հանուն Հայրենիքի մահը հռչակեց «մահ հանուն ոչնչի», ընդդեմ իշխանությունների համառ ձգտման՝ ներկայացնելու պատերազմը որպես անցած-գնացած ու մոռացված մի բան, որի վրայով պետք է անցնել ու շարունակել ճամփան դեպի «լուսավոր խաղաղ ապագա», իսկ դավաճանների, ազգային մասշտաբային ողբերգության մեղավորների թիմին պետք է ներել ու հաշտվել նրանց պարտվողական քաղաքականության հետ՝ հանուն կուշտ փորի և թուրքական լիրաներով լի քսակի։

Եռաբլուրի սրբացումն ու զինվորական պանթեոնի վերածումը նման քաղաքականության ու մոտեցման հետ անհամամիտների ուխտավայրի, կատարված փաստ է։ Արդեն ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմից հետո Եռաբլուրը դարձել է նոր Ծիծեռնակաբերդ։ Սակայն ակնհայտ բոլոր գործոններով, բարձրագույն հոգևորությամբ և նման երևույթի բարոյական ահռելի ուժով հանդերձ, Արցախի և Հայաստանի հետ տեղի ունեցող իրադարձությունների խորապատկերին անխուսափելիորեն հարց է առաջանում. ինչպիսի՞ք են դրա հետևանքները և ո՞րն է վտանգը։ Մանավանդ որ խոսքը այն ազգի մասին է, որը մեկ անգամ արդեն անցել է զոհի վերածման հարյուրամյա ուղին և միայն հետագա կորուստներին զինված դիմադրություն ցուցաբերելու միջոցով ձերբազատվել վտանգավոր դերից, ազատվել զոհի հոգեբանությունից և ոտք դրել այլ՝ սեփական իրավունքների և կորցրածը վերադարձնելու համար պայքարի ուղի։

Այս խորքային գործընթացների իմաստավորումը, Եռաբլուրի սոցիալ-հոգեբանական ֆենոմենի վերլուծությունը՝ տարբեր բնույթի բազմաթիվ գործոնների հաշվառումով, անշուշտ, մասնագետների գործն է։ Բայց հոգեբանության ոլորտում դիլետանտին էլ պարզ է, որ միայն վշտի, հիշողության, զոհված հերոսների մեծարման վրա սևեռվելը, զինվորական գերեզմանոցի սրբացումը կարող են խիստ վտանգավոր լինել նոր ցեղասպանության և պետականության կորստի վտանգի առջև հայտնված ժողովրդի համար։

Իրողությունների դեմ իր էությամբ պասիվ բողոքի, ստվերների աշխարհ հեռանալու ձգտման,  հանգուցյալների հետ շփման իմիտացիայով անսփոփ ցավը մեղմելու փորձերի, ի հեճուկս երիտթուրքական քաղաքականության՝ Հայրենիքի համար նահատակված հերոսներին հավատարմություն ցուցաբերելու վտանգավորության այդ զգացումը ուժգնանում է և՛ վերջին երկու տարիներին տեղի ունեցած ամենի, և՛ երկրի գլխավերևում կախված սև ամպերի ու դատապարտվածության և ճակատագրին հնազանդության, այն փոխելու անհնարինության և սեփական անկարողության խորապատկերին:

Բայց Եռաբլուրը պետք է լինի ոչ միայն վշտի վայր. այն պետք է դառնա դիմադրության կոչնազանգ, պայքարի խորհրդանիշ, չնայած դրա թվացյալ և մեզ եռանդագին ներշնչվող անօգուտությանը։ Այն ամենի խորհրդանիշ, որ ցուցաբերել են այնտեղ հանգչող տղաները, որոնք ամբողջ վեց շաբաթ հերոսաբար դիմադրում էին ոչ միայն ռազմական տեխնիկայի, պատրաստվածության առումով հսկայական առավելություն և դաշնակից-ահաբեկիչների հզոր աջակցություն ունեցող թշնամուն։ Այդ 44 օրերը դարձան նրանց խիզախության և Հայրենիքին նվիրվածության խորհրդանիշը, որը բախվել էր նաև աշխարհի անտարբերությանը, երբ վերջինս անկիրք հետևում էր այդ անհավասար պայքարին՝ իր համար շահավետ հետևանքների ցինիկ ակնկալիքով:

Բայց պատերազմի 44 օրերը դարձան նաև ներքին թշնամուն ցուցաբերվող դիմադրության խորհրդանիշ, որն ի սկզբանե պատրաստ էր և համաձայն էր հանձնել Հայրենիքի մի մասը, բայց ակնհայտորեն չէր սպասում հայ զինվորի այդչափ կատաղի և հերոսական դիմադրություն հայկական իշխանությունների դավաճանական ծրագրերին։

Հենց այդ պատճառով Եռաբլուրը չպետք է մնա սոսկ համազգային սգի, վշտի և զոհերի հիշատակին խոնարհման վայր, ինչպիսին երկար տարիներ եղել է Ծիծեռնակաբերդը։ Եռաբլուրը և այնտեղ կենտրոնացած հզոր էներգետիկան պետք է դառնան պայքարի կոչ, ազգային պասիոնարության, ազգային պատվի և արժանապատվության նոր հզոր պայթյունի մեկնակետ։ Այն գիտակցման, որ սեփական ճակատագրի հանդեպ միայն մեր իսկ անտարբերությունը կարող է վերջնական հաջողությամբ պսակել արտաքին թշնամիների ջանքերը, և միայն ներքին թշնամիների դեմ պայքարի և դիմադրության ոգին կարող է մաքրել Հայրենիքը պղծությունից, չարիքից ու չարքերից:

Միայն ճշմարիտ ազգային ուժերի միասնությունն է ի զորու հաստատել, որ Եռաբլուրի տղաների մահն անիմաստ չէր, քանզի նրանք զոհաբերել են իրենց կյանքը հանուն Հայաստանի և Արցախի։ Հանուն նրա, որ Հայաստանն ու Արցախը լինեն ու մնան հայկական։ Այդ տղաների հիշատակի առջև լավագույն խոնարհումը կլինի ոչ թե մեր հավերժական վիշտը, ոչ թե հավերժական լացը շիրիմների վրա, ոչ թե ծաղիկների ծովը կամ խունկի քուլաները, այլ պայքարը հանուն հաղթանակի: Եթե լինի պայքար, անպայման կլինի նաև հաղթանակ։ Ցանկացած այլ մոտեցում ու դիրքորոշում կլինի լոկ տականքների կանխամտածված կործանարար, վառ արտահայտված հակահայկական, անբարո, ստոր ու նսեմ այն թեզի ապացույց, թե մեր տղաները «զոհվել են հանուն ոչնչի»։