Դեղորայքի պակասն Արցախում մասամբ լրացվում է հումանիտար օգնության ճանապարհով (տեսանյութ)

Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Մոսիյանը, Արեգ Ավագյանը եւ կառավարության գործերի կառավարչության վարչության պետ, օպերատիվ շտաբի անդամ Արայիկ Լազարյանը Թաղավարդում ներկայացրել են երկրում ստեղծված իրավիճակը:



Ադրբեջանական կեղծ բնապահպանների կողմից Արցախ-Հայաստան միջանցքի փակման հետևանքով բազմաթիվ հումանիտար խնդիրներ կան նաև շրջաններում: Դրանց մասին օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները տեղեկացել են առաջին ձեռքից:

ԱԺ պատգամավոր ԱրթուրՄոսիյանի խոսքով, բնակչությունը բավականին ակտիվ է և շատ հարցեր է բարձրացնում. «Հիմնական հարցերի մի մասն օպերատիվ շտաբը գիտի և լուծման մեխանիզմներ է փնտրում, բայց կան նաև տեղական հարցեր, որոնք ամեն մի համայնքում յուրովի են, և առաջնահերթություններ գոյություն ունեն»:

Դեղորայքի պակասը մասամբ լրացվում է հումանիտար օգնության ճանապարհով, պարենը՝ փոքր չափաբաժիններով հատկացվում է պետպահուստից: Օպերատիվ շտաբի գործունեության մասին տեղեկություններ է հաղորդել Արայիկ Լազարյանը: Առաջնահերթ է, որ առկա խնդիրները լուծվեն արդարության մթնոլորտում,-ասում են թաղավարդցիները:

Պարզվում է՝ ոչ բոլոր ընտանիքներն են կարողանում խանութներից ձեռք բերել հատկացված պարենը:Թաղավարդի բնակիչներից Էլմիրա Ալավերդյանն ասում է. «Կխնդրեի՝ եթե տալոնային համակարգը լինի, մինչև տալոնային համակարգը մեր գյուղապետը թաղամասերով ցուցակ անի, ցուցակը դնի խանութպանի առջև, գան օգտվեն: Այդ ձևով ավելի համաչափ կլինի, և բոլորն էլ կօգտվեն»:

Կարմիր շուկայի բնակիչները գազալցակայանի հարցն են բարձրացրել: Համայնքում ունեն, բայց ինչ-ինչ պատճառներով չի աշխատում: Առաջարկում են ստեղծված իրավիճակում ապահովել գազալցակայանի աշխատանքը՝ հետաձգելով մնացած հարցերի լուծումը:

 «Հարցը միանգամայն ճիշտ է բարձրացված, այստեղ նաև տեխնիկական խնդիրներ կան՝ ինչքան ես տեղեկացա գյուղապետից: Երևի ինչ-որ շարժական մեքենայով կարելի է այդ հարցը լուծել: Հիմա մենք հետ վերադառնալուց օպերատիվ շտաբի հետ կքննարկենք և կձգտենք հնարավորինս արագ լուծում տալ, որովհետև մի քանի համայնքների ժողովուրդ դա պահանջում են ու դա բաց է իրականում»,- նշել է Մոսիյանը:

Խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչները կոչ են արել բնակիչներին հետևել բացառապես պաշտոնական լրահոսին և տուրք չտալ հիմնականում ադրբեջանական ծագում ունեցող ֆեյք լուրերին:

News.am