Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈ՞Ւ Է ՄԵԶ ԻՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Թյուր կարծիք կա, որ Արևմուտքը կարող է գալ, հայ ժողովրդին պաշտպանել, ընդ որում ռազմական ներկայությամբ։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման ժամանակ, խոսելով Արևմուտքից Հայաստանի սպասելիքների մասին, ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական գրասենյակի հիմնադիր, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Այսօր Հայաստանում շատերի հայացքներն են ուղղված դեպի Արևմուտք, սակայն այստեղ շատ կարևոր հարցեր են առաջ գալիս` ո՞վ է Արևմուտքը և ումի՞ց է պաշտպանելու մեզ։ Արդյոք Արևմուտքը պաշտպանելու է մեզ իր ռազմավարական դաշնակից Թուրքիայից»,–նշեց Սարգսյանը։

Միջազգայնագետը նաև ուշադրություն հրավիրեց Արևմուտքի և Ադրբեջանի հարաբերությունների վրա։ Նրա գնահատմամբ` Ադրբեջանը Արևմուտքի համար հավասար, եթե ոչ ավել կարևոր գործընկեր է, քան Հայաստանը։

Հետևաբար անիմաստ գործ է վերացական երևույթների, այս դեպքում Արևմուտքի աջակցության վրա հույս դնելը։

«Այո՛, ադեկվատ արտաքին քաղաքականության արդյունքում մենք կարող էինք ունենալ շատ ավելի մեծ թվով բարեկամներ, դաշնակիցներ, որոնք կարող էին մեզ ինչ-որ ուղղություններով, այդ թվում նաև դիվանագիտական ճակատում աջակցել։ Բայց միանշանակ պնդել, որ մեր փրկությունը գալու է հյուսիսից, հարավից,արևուտքից կամ արևելքից, սխալ է։ Պետք է հասկանանք, որ մեզնից բացի ոչ ոք մեզ չի փրկելու»,–ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին` արդյոք Արևմուտքը կարող է փոխարինել ներկայիս ՀՀ անվտանգային համակարգին` ՀԱՊԿ–ին, Սարգսյանն ընդգծեց, որ նման քայլից առաջ պետք է որոշում կայացնող իշխանությունը առաջին հերթին լուրջ ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնի` հասկանալու, թե ՀՀ–ին ի՞նչ է տալու ՀԱՊԿ–ից, ԵԱՏՄ–ից կամ ցանկացած միջազգային կառույցից դուրս գալը։

Սակայն ավելի կարևոր հարց է` արդյոք Արևմուտքը Հայաստանին տեսնում կամ սպասում է ՆԱՏՕ–ում կամ ԵՄ–ում։

«Այս հարցերին պատասխանելու համար պետք է ուսումնասիրենք այն պետությունների փորձը, որոնք չլինելով ՀԱՊԿ, ԵԱՏՄ կամ ԱՊՀ անդամ, փորձում են ինտեգրվել Արևմուտքին, դառնալ ՆԱՏՕ անդամ։ Վրաստանը շատ լավ ցուցիչ է, որովհետև Վրաստանում շատ վաղուց պատրաստ էին լինել ՆԱՏՕ, ԵՄ անդամ` իրենց զինված ուժերի կառուցվածքով, իրենց կարողություններով, ունակություններով, տնտեսական կառուցվածքով, բայց ՆԱՏՕ–ում նրանց դեռ չեն սպասում, ԵՄ–ում դեռևս կանաչ լույս չեն վառել Վրաստանի համար»,–ասաց Սարգսյանը` հավելելով, որ Վրաստանն այս ճանապարհը շատ ավելի շուտ է սկսել անցնել։

Սարգսյանի խոսքով` եթե նույնիսկ քննարկվի այն սխեման, որ ՀՀ–ն դուրս է գալիս միջազգային կազմակերպություններից, մնում է ինքնուրույն, այսինքն` չի անդամակցում որևէ միջազգային պաշտպանական ալյանսի, փորձում է ինքնուրույն խաղացող լինել, հարց է առաջանում` արդյոք ՀՀ–ն ունակ է լինել ինքնուրույն և չունենալ դաշնակից, չունենալ «մեծ եղբայր»։

«Օրինակ` մեր տարածաշրջանում բոլոր պետություններն ունեն «մեծ եղբայրներ» և միշտ են ունեցել։ Ադրբեջանի պարագայում` Թուրքիան, Վրաստանի պարագայում` Միացյալ Նահանգները կամ Արևմուտքը, մեր պարագայում` Ռուսաստանը։ Աշխարհում չկա փոքր պետություն, որը չունենա կարևորագույն ռազմավարական դաշնակից»,–ասաց Սարգսյանը։

Ըստ միջազգայնագետի` ստեղծված իրավիճակի փրկությունը այն կլիներ, որ ՀՀ–ն կարողանար ամրապնդել իր Զինված ուժերը և դիմադրություն ցույց տար հակառակորդին, միևնույն ժամանակ վարեր ադեկվատ արտաքին քաղաքականություն և արտաքին դիվանագիտություն, որը ցավոք չի իրականացվում։

Sputnik Արմենիա