Արցախից ևս 6 մարդ է տեղափոխվել Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախի Հանրապետության «Հանրապետական բժշկական կենտրոնից» Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել ևս 6 հիվանդ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հիվանդների մոտ ախտորոշվել է «OU- Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանքի պղտորում, լեյկորիա, աֆակիա», «Th12 ողի մարմնի նորագոյացություն, Th12 L1 ողերի մարմինների օստեոիդ օստեոմա», «Գլխուղեղի նորագոյացություն», «Գլխուղեղի ձախ ճակատային բլթի նորագոյացություն» և «Հետխոլեցիստեմիկ համախտանիշ, մեխանիկական դեղնուկ, խոլանգիտ, ռեզիդուալ խոլեդոխոլիթիազ»»,– ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ տեղափոխվածների թվում է նաև 8–շաբաթական հղի կին։

Պացիենտները տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ, իսկ Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Նշվում է, որ «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Հավելենք, որ մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ։

Sputnik Արմենիա