ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելն արդարացում չունի

Ցնցված ենք հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։ Նման կերպ է մեկնաբանել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը` անդրադառնալով Հայաստանից Արցախ վերադարձող երեխաների մեքենան ադրբեջանցիների կողմից կանգնեցնելու փաստին։

Հայտնել էինք, որ հունվարի 17-ին ԼՂ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների ավտոբուսը կանգնեցրել են ադրբեջանական «էկո-ակտիվիստները», դիմակավորված ներխուժել փոխադրամիջոց, անօրինական կերպով տեսանկարահանել երեխաներին և հոգեբանական բռնություն գործադրել նրանց նկատմամբ:

«Ադրբեջանական կողմի այս գործողություններն այդ երկրում պետական մակարդակով իրականացվող հայության նկատմամբ ատելության և թշնամանքի, Լեռնային Ղարաբաղի հայությանը տեղահանելու քաղաքականության վառ օրինակներից են, որը հասնում է անգամ երեխաներին թիրախավորելու մակարդակի։ Նմանօրինակ վարքը որևէ արդարացում չունի թե՛ միջազգային իրավական, թե՛ մարդկային-բարոյական հարթությունում»,–ասում է Հունանյանը։

Նրա խոսքով` երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն ու կառույցները, քաղաքակիրթ մարդկության ներկայացուցիչները պետք է հստակ գնահատական տան ադրբեջանական կողմի այս արգահատելի գործելակերպին` նմանօրինակ նոր դեպքեր թույլ չտալու համար։

Sputnik Արմենիա