ԱՌԱՆՑ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻ

Ազատ գյուղի մոտ գտնվող զորանոցի ողբերգության մասին շատ բան է ասվել։ Բայց պետք է խոսել նորից ու նորից, քանի որ 15 երիտասարդ տղաների մահը հերթական անգամ բացահայտեց ներկայիս իշխող թիմի ողջ ապիկարությունը։ Թիմ, որը գեղեցիկ խոսքերի քողի տակ, ընդ որում հաճախ չխորշելով բացահայտ ստից, միայն պարբերական կորուստներ է բերում Հայաստանին։ Այնուհետ փորձելով տակից դուրս գալ տարբեր փառատոնների անցկացմամբ և աշխատավարձերի բարձրացմամբ՝ առաջին հերթին այն կառույցների, որոնք ապահովում են իշխանության պահպանումն այդ թիմի ձեռքում։ «Հաց և թամաշա». ահա թե ինչ է պետք ժողովրդին, ուսուցանում էին հին հռոմեացիները:

Մենք ունենք կառավարություն, որը գործում է բացառապես սեփական բարեկեցության մակարդակի բարձրացման խնդրով մտահոգ մանր չարչիների տրամաբանությամբ։ Դրա համար էլ ողբերգության գլխավոր մեղավորը հանգիստ նստած է վարչապետի աթոռին ու հեռացնում է սլաքավարներին. դե, իր մոտ ամեն ինչ կարգին է, կյանքը հաջողվել է։ Ահավասիկ վերջերս հաղորդվեց, որ ավարտվել է նախաքննությունը մի քաղաքացու նկատմամբ, որը 2020 թվականի նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունների ժամանակ Աննա Հակոբյանից գողացել է մոտ 4 միլիոն դրամի թանկարժեք իրեր...

Սեփական հարմարավետ կյանքի համար ծախսելով հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր դոլարներ, իշխող թիմը չի կարողանում առաջապահ դիրքեր կահավորել սահմանի վրա։ Թիմի ներկայացուցիչներն «օրինականորեն» հարստանում են օրեցօր, իսկ զինվորները տաքանալու համար թուղթ են վառում, իսկ որպեսզի կրակը չմարի՝ ժամանակ առ ժամանակ բենզին լցնում վառարանը

Թիմ, որը նախկինում, երբ դեռ ընդդիմություն էր, շահարկում էր այն ծնողների զգացմունքները, որոնք չէին ցանկանում, որ իրենց որդիները ծառայեն «հեռավոր» Արցախում։ Հիմա այդ թիմն այնպիսի հարվածներ է հասցնում բանակին, որ դժվար է չհասկանալ այն ծնողներին, որոնք ամեն գնով կփորձեն ազատել իրենց որդիներին ժամկետային ծառայությունից։

Պարտությունները կշարունակվեն, և հասարակությունը կարծես թե հաշտվել է դրա հետ։ Պարտությունները կշարունակվեն, քանզի այս թյուրիմացությունները հոժարակամ չեն հեռանա, այդ տեսակը չեն: Նրանք կկառչեն իշխանությունից, քանի որ, նախ՝ կապված են արյամբ։ Մեծ արյամբ, որ վճարեցին Հայաստանն ու Արցախը իշխանության ղեկին նրանց գտնվելու ճոխության համար։ Եվ որպես մեծ արյանն այդ կապակցվածության հետևանք՝ նրանք հասկանում են, որ առանց իշխանական լծակների իրենք ինչպես որ ոչնչություն էին նախքան իշխանության գալը, նույնպիսի ոչնչություն կլինեն դա կորցնելուց հետո։ Իսկ ոմանց ուղիղ ճանապարհ է սպասում դեպի բանտախուց։

Մահ սփռող այս թիմին կարող է հեռացնել միայն հասարակական մեծ պայթյունը։ Իսկ դա հնարավոր է միայն ուժեղ պասիոնար առաջնորդների առկայության դեպքում, որոնք կարող են տանել մարդկանց իրենց հետևից: Կա՞ն արդյոք այդպիսի առաջնորդներ ներկայիս ընդդիմության մեջ։ Կան բազմաթիվ փայլուն քաղաքական գործիչներ, բայց չկա գլխավոր հերոս: Ոմանց ակնհայտորեն պակասում է եռանդը, մյուսներին՝ փորձը, երրորդները հոգնել են և որոշել թքել ամեն ինչի վրա... Դե, և վարչապետի պատժիչ մեքենան էլ աչալուրջ աշխատում է ընդդիմադիրների դեմ։

Այնպես որ նոր կորուստներն անխուսափելի են։ Իշխող թիմն արդեն հող է նախապատրաստում՝ առաջ տանելով այն հայեցակարգը, թե Արցախը Ադրբեջանի մաս է, և Երևանը պատրաստ է համապատասխան պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, իսկ Թուրքիան, իբր, ոչ միայն սպառնալիք չի ներկայացնում Հայաստանի համար, այլև ընդհանրապես երբեք չի ներկայացրել։ Այնպես, բարի հարևան է, որը լավագույն մղումներով «Բայրաքթարներ», վարձկաններ ու զինվորական հրահանգիչներ է մատակարարում Բաքվին։ Իսկ 1915 թվակա՞նը։ Հայաստան ներխուժելու վտանգը 1992-ի՞ն։ Դե, չէ՞ որ այդ ամենը եղել է նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը

Իսկ Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությունը միայն վնաս է բերում Երևանին, քանի որ Արևմուտքի աչքում վարկաբեկում է ներկայիս իշխանություններին։ Այդ մասին ուղիղ տեքստով ասաց Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում։ Թող իրենից ոչինչ չպահանջեն. ինքը ամեն կերպ զգուշացրել է, թե ինչ է մեզ սպասում։

Հ.Գ.-Ժամանակին լրագրող Փաշինյանին դատի էին տվել այն բանի համար, որ դեգեներատ էր անվանել մի պաշտոնյայի։ Այդ ժամանակ Փաշինյանը գլուխը պրծացրեց թեթև երկյուղով։ Բայց երևի այսօր մենք ականատես ենք «բումերանգի օրենքի» գործողության հերթական ակտին, երբ ունենք կառավարություն, որն այնքա՜ն դիպուկ բնութագրվում է Փաշինյանի գործածած մակդիրով։