ԹՇՆԱՄԻՆ ՆՎԱՃՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ

Ադրբեջանի ԳԱԱ-ում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ուսումնասիրություններին վերաբերող 3 բաժին է բացվել՝ «Արևմտյան Ադրբեջանի» պատմության բաժին, «Արևմտյան Ադրբեջանի» ժողովրդական բանահյուսության և տեղանվանաբանության բաժին։

Շեշտենք, որ «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպման տակ ենթադրվում է ՀՀ ներկայիս ինքնիշխան տարածքը։

Գիտությունների ակադեմիայի պրեզիդիումի ժամանակ Ադրբեջանի ԳԱԱ նախագահ Իսա Հաբիբբեյլին հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգը արտացոլում է անկախ Ադրբեջանի Հանրապետության ռազմավարությունը»։ Ընդ որում, նշվում է, որ այս հայեցակարգը «խաղաղ հայեցակարգ» է, իսկ Ադրբեջանի հավակնությունները միայն «մշակութային» են։ Նախագահի խոսքերով՝ այս հայեցակարգը կդառնա, այպես կոչված, «Մեծ վերադարձի» երկրորդ ծրագիրը։

Իսկ առաջին ծրագիրը հավանաբար, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի ստեղծումն է։ Օգոստոսի 3-ին Ադրբեջանում կայացել էր «Ադրբեջանի փախստականների միության» ընդհանուր ժողովը, որի ընթացքում քվեարկության արդյունքում կազմակերպությունը վերափոխվել էր շահույթ չհետապնդող կազմակերպության, որի նպատակն է «վերականգնել իրենց պատմական հայրենիքից վտարված ադրբեջանցիների իրավունքները»:

Հիշեցնենք, որ 2020 թ դեկտեմբերի 10-ին Բաքվի շքահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Երևանը, Սևանը և Սյունիքը «պատմական ադրբեջանական տարածքներ են»։ Սակայն սա նպանատիպ առաջին հայտարարությունը չէր։ Ադրբեջանական իշխանությունը հետևողականորեն ներարկում է իր հասարակությանը հայկական պատմական տարածքների՝ ադրբեջանական պատկանելության մասին թեզը՝ այդ գործընթացը ուղեկցելով քարտեզների ստեղծումով, որոնց վրա Սյունիքը, Սևանը և Երևանը պատկերված են իբրև Ադրբեջանի մի մաս, համապատասխան պատմական զեղծարարությունների կատարմամբ։ Ադրբեջանի կողմից այս և նմանատիպ այլ հայտարարությունները, իրադարձություններն ու նախաձեռնությունները փորձ են լեգիտիմացնելու ոչ միայն արդեն իսկ 2020 թվականի նոյեմբերից հետո ՀՀ սուվերեն տարածքի առնվազն 220 քառ կմ հատվածի գրավումը Ադրբեջանի ԶՈՒ կողմից, այլև հող են նախապատրաստում Սյունիքի մարզի և ՀՀ սուվերեն այլ տարածքների դեմ ադրբեջանական նոր ագրեսիայի համար՝ ընդհուպ մինչև լիարժեք գրավում։

Եվ այս ամենի ֆոնին, ՀՀ դե-ֆակտո իշխանությունները, վստահորեն ոչ միամտաբար, կարծում են, որ Ադրբեջանի հավակնությունները կարելի է զսպել ամբողջ Արցախի հանձնումով և որ որևէ փաստաթուղթ կամ միջազգային ճնշում կարող է ապահովել ՀՀ 29.800 քառկմ-ի անձեռնմխելիությունը։ Մինչդեռ Թուրքիայի և Ադրբեջանի պլանների մեջ չի մտնում ոչ միայն հայկական Արցախի գոյությունը, այլև առհասարակ տարածաշրջանում հայկական որևէ քաղաքական միավորի առկայությունը։

HayAliq.com