Միրզոյանը Բորելի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները:

«Միրզոյանը Բորելի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Շեշտվել է, որ Ադրբեջանը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն, անհապաղ պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը։ Հայկական կողմը կարևորել է միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացումը՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունը կանխարգելելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը։

Միրզոյանը Բրյուսել է մեկնել հունվարի 23-ին։ Նախատեսվում է, որ նրա աշխատանքային այցը կավարտվի այսօր։

Sputnik Արմենիա