Շիրակի մարզպետը հրաժարական է տվել

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում։

«Սիրելի՛ շիրակցիներ, հարգելի՛ հայրենակիցներ,

այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իմ դիմումը։ Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին բարձր վստահության, գործադիր և օրենսդիր մարմնի գործընկերներին, ինչպես նաև դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին` արդյունավետ համագործակցության համար։

Որքան էլ Շիրակի մարզպետի պաշտոնը պատասխանատու էր, նույնքան` պատվաբեր։ Վստահեցնում եմ, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում մարզի խնդիրների և հոգսերի լուծման համար մեկտեղել եմ իմ ջանքերն ու գիտելիքները։ Սակայն պետք է արձանագրեմ, որ որևէ անհատ կամ պաշտոնյա չի կարող հաջողել իր գործում, եթե չունենա գիտակ թիմ և փորձառու համախոհներ։

Շնորհակալություն եմ հայտնում Շիրակի մարզպետի աշխատակազմին` ցուցաբերած բարձր արհեստավարժության և հետևողական աշխատանքի համար։

Կատարված աշխատանքի լավագույն ցուցիչը ժողովրդի գնահատականն ու վերաբերմունքն է, որն օր օրի ավելանալով էլ ավելի էր պարտավորեցրել ինձ` որպես մարզպետի։ Յուրաքանչյուր շիրակցու խնդիրն ու հոգսը համարելով իմը` սրտացավորեն փորձել եմ օր առաջ լուծում տալ։

Իմ աշխատանքում որդեգրած անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը լիահույս եմ, որ հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար։

Հրաժեշտ տալով իմ հարազատ մարզին` մաղթում եմ առաջընթաց և զարգացում։

Հարգանքով՝ Նազելի Բաղդասարյան»։

Panorama.am