Ադրբեջանի ԱԳՆ-ն հակաիրանական հայտարարություն է արել

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով «դատապարտել է 2023թ. հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանության դեմ ահաբեկչական գրոհը դատապարտող միջազգային մի շարք կազմակերպությունների ընդունած հայտարարություններին խոչընդոտելու Իրանի փորձերը»։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ կատարված ահաբեկչական գրոհի միջազգային դատապարտման, ահաբեկչության կազմակերպիչների և մեղավորների արագ բացահայտման և պատժման նպատակով համապատասխան միջազգային կազմակերպությունների և հարթակների ընդունմանն են ներկայացվել փաստաթղթեր, որոնք պարունակում են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման կոչեր»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Գերատեսչությունն ընդգծել է, որ Իրանում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության դեմ զինված հարձակումը դատապարտել են 100 երկրներ և միջազգային մի շարք կազմակերպությունների քարտուղարություններ՝ իրենց հայտարարություններում ընդգծելով այդ ակտի կատարման մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը։

«Իրանական կողմը ձգտել է կանխել միջազգային մակարդակում ահաբեկչական գրոհի մերկացումը միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ է հանդիսանում և որոնց որոշումները կայացվում են կոնսենսուսով։ Մասնավորապես, հարձակումից անմիջապես հետո իրանական կողմը բողոքել է կոմյունիկեների և հայտարարությունների նախագծերի դեմ, որոնք ներկայացրել է Ադրբեջանը Չմիանալու շարժման համակարգող բյուրո և Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհուրդ, և խոչընդոտել է նշված փաստաթղթերի ընդունմանը»,- նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

ԱԳՆ-ն նշել է, որ Չմիանալու շարժման 120 երկրներից միայն Սիրիան և Հնդկաստանն են աջակցել Իրանի դիրքորոշմանը։ Այդ երեք երկրների հիմնական պնդումն այն է, որ ահաբեկչական գրոհներն առանձին երկրներում, իբր, ավելի վաղ չեն դատապարտվել Չմիանալու շարժման կողմից, և որ երկկողմ հարցերն այդ երկրների միջև չեն հանվել միջազգային այնպիսի հարթակներ, ինչպիսին է Չմիանալու շարժումը։ Չնայած Շարժումն ընդունել է մի շարք փաստաթղթեր, որոնք դատապարտում են անդամ երկրներում տեղի ունեցած ահաբեկչական գրոհները, դրանցում նշվել է դիվանագիտական առաքելությունների պահպանությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին։

News.am