Թեհրանը անպատասխան չի թողնի Սպահանի ռազմական գործարանի վրա հարձակումը

Թեհրանն անպատասխան չի թողնի Սպահանի ռազմական գործարանի վրա իրականացրած հարձակումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության գծով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբասզադե Մեշքինին։

Հունվարի 29-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակում էր իրականացվել Իրանի ՊՆ ռազմական օբյեկտներից մեկի վրա։ Ավելի ուշ հայտնեցին Ազարշահր քաղաքի գործարանում բռնկված հրդեհի և Քարաջում տեղի ունեցած պայթյունների մասին։ Ոչ պաշտոնական տվյալներով` այնտեղ են գտնվում մարտական անօդաչուների արտադրության գործարաններ։ Ամերիկյան մամուլը գրում է այս ամենի մեջ իսրայելական հետքի մասին։

Մեշքինին մեկնաբանել է նաև Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի` հարձակմանը Կիևի առնչության վերաբերյալ ակնարկը։ Պաշտոնյան Twitter–ի իր էջում գրել է, որ Ուկրաինան Իրանին նախազգուշացրել է պայթյունավտանգ գիշերվա մասին։

Մեշքինինի խոսքով` Ուկրաինան այժմ իրեն ավելի կտրուկ հայտարարություններ թույլ չի տալիս, քանի որ գիտի, ինչ պատասխան կստանա Թեհրանից։

«Որևէ անսպասելի բան նրանք չասացին։ Մեզ համար անսպասելի չէ, որ Ուկրաինայի իշխանությունն արևմտյան հեգեմոնիային համահունչ դիրքորոշում ունի», – ասել է նա։

Դեկտեմբերի 24-ին Պոդոլյակը կոչ էր արել հարվածել իրանական անօդաչուների ն գործարաններին։ Նա հայտարարել էր, որ Իրանը մտադիր է ավելացնել Ռուսաստան հրթիռների և անօդաչուների մատակարարումը և «լկտիաբար նսեմացնում է միջազգային պատժամիջոցների ինստիտուտը»։ Ուկրաինական կողմը կարծում է, որ Իրանը Ռուսաստանին Shahed-136 և Mohajer-6 անօդաչուներ է մատակարարում։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին նշել էր, որ պաշտոնական Կիևը կոչերը` Իրանում զենքի գործարանների վրա հարձակում իրականացնելու մասին, ուկրաինական կողմի համար քաղաքական և իրավաբանական հետևանքներ են ունենալու։

Sputnik Արմենիա