Բրովարիում ուղղաթիռի կործանման գործով խուզարկել են Արսեն Ավակովին

Բրովարիում կործանված ուղղաթիռի գործով խուզարկություն է իրականացվում Ուկրաինայի նախկին ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի մոտ։ Այս մասին, ուկրաինական ԶԼՄ–ների փոխանցմամբ, հայտնել է ինքը` Ավակովը։

«Ուղղաթիռի վթարի գործով խուզարկությունն ավարտեցին։ Ստուգում էին Airbus–ի վեց տարվա վաղեմության պայմանագրերը։ Պայմանագրերը հաստատվել են կառավարության և խորհրդարանի կողմից։ Թեև անիմաստ ու հիմար գործընթացէր, բայց նրանք իրենց շատ քաղաքավարի պահեցին։ Պահեցին ձևական կողմը», – նշել է Արսեն Ավակովը։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող ուղղաթիռը հունվարի 18-ի առավոտյան կործանվել էր Կիևի մարզի Բրովարի քաղաքի մանկապարտեզի մոտ։

Օդանավում 9 մարդ է եղել, այդ թվում` ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալ Եվգենի Ենինը, գերատեսչության պետքարտուղար Յուրի Լուբկովիչը և նրանց օգնականները։ Բոլորը զոհվել են։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով` ուղղաթիռի վթարման հետևանքով 14 մարդ է մահացել, այդ թվում` երեխա, տուժել է 25 մարդ, որոնցից 11-ը երեխաներ են։

Sputnik Արմենիա