Կանայք ԵՄ պատվիրակության դիմաց խաղաղ ակցիա են անում ի աջակցություն Արցախի կանանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս պահին մի քանի տասնյակ կանայք հավաքվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության դիմաց և խաղաղ ակցիա են իրականացնում ի աջակցություն Արցախի կանանց և աղջիկների։ Նշենք, որ արցախցի կանայք օրեր առաջ բաց նամակ էին հղել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և պահանջել, որ նա իր գործողություններով նպաստի Արցախի ապաշրջափակմանը։

 

Խաղաղ ակցիայի նախաձեռնողներից մեկը` Արաքսյա Գրիգորյանը հայտնեց, որ իրենք Արցախի կանանց մտահոգություններն ու խոսքերը ձևակերպել են և նամակով կհանձնեն ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։

Նամակում Անդրեա Վիկտորինին կոչ է արվում քայլեր ձեռնարկել Արցախը ապաշրջափակելու և Ադրբեջանի տեռորիստական գործողությունը դադարեցնելու ուղղությամբ։

Նա և ակցիայի մյուս մասնակիցները միջազգային հանրության ջանքերը բավարար չեն համարում Լաչինի միջանցքի հարցով։

Մասնակիցները նախ բարձրաձայն կարդացին իրենց կոչը, ապա նամակը հանձնեցին պատվիրակության աշխատակիցներից մեկին։

Sputnik Արմենիա