ԼՐԱՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 35 ՏԱՐԻՆ

Ղարաբաղյան շարժման նենգափոխումը Հայոց համազգային շարժման…

Փետրվարին կլրանա Ղարաբաղյան շարժման 35 տարին։ Ամեն ինչ սկսվեց 1988թ. փետրվարի 11-ին, երբ Ստեփանակերտում սկսեցին թռուցիկներ տարածվել Ադրբեջանի կազմից դուրս գալու կոչով։ Փետրվարի 12-13-ին ողջ Ղարաբաղում տեղի ունեցան ժողովներ՝ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջով, առաջարկին կողմ քվեարկեցին 5 շրջգործկոմներից 4-ը, ինչպես նաև բուն մարզային խորհրդի 87 անդամներ։ Փետրվարի 20-ին նիստը գումարվեց։ Ձայների ճնշող մեծամասնությամբ (110-ն ընդդեմ 17-ի, 13 ձեռնպահ) այն որոշում կայացրեց միջնորդություն ներկայացնել երկու հանրապետությունների Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի կազմ տեղափոխելու մասին։ Հաջորդ օրը այդ որոշումը հրապարակվեց «Սովետական Ղարաբաղ» թերթում։

Այնուհետ Մոսկվայից Ստեփանակերտ եկան Պ.Դեմիչևը եվ Գ.Ռազումովսկին, Հադրութ շրջկենտրոնում բռնություններ սկսվեցին, հայ բնակչությունը ստիպված էր լքել իր տները, փախստականները եկան Ստեփանակերտ, որտեղ նրանց համար վրանային ճամբար էր կազմակերպված, ոմանք մեկնեցին Երևան։ Լեռնային Ղարաբաղ մտցվեցին միլիցիայի ստորաբաժանումներ՝ Դոնի Ռոստովից և Չելյաբինսկից, ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Կատուսևը խոստովանեց, որ «կատարվել են հանցագործություններ», բայց հերքեց դրանց քանակի մասին տվյալները…

Փետրվարի 20-ին երևանյան ցույցին մասնակցեց մոտ 30 հազար մարդ, սակայն հադրութցի փախստականների գալուց հետո մասնակիցների թիվը կտրուկ աճեց։ Փետրվարի 23-ի հանրահավաքին մասնակցեց շուրջ 300 հազար մարդ, հաջորդ օրերին Երևանի փողոցներ դուրս եկավ մոտ մեկ միլիոն մարդ, ակցիային մասնակցեց ողջ հանրապետությունը։ Այդ օրերին մայրաքաղաքում կտրուկ նվազել էր հանցավորությունը, ԽՍՀՄ ՆԳ փոխնախարար Վ. Տրուշինը ստիպված էր խոստովանել, որ քաղաքում հասարակական կարգի ոչ մի խախտում չի գրանցվել։ Փետրվարի 24-ին ստեղծվեց Վերամիավորման կազմկոմիտեն, որի պատվավոր նախագահներ ընտրվեցին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը և ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը:

Փետրվարի 25-ին Երևան մտցվեցին ներքին զորքերի ստորաբաժանումները՝ 25 հազար թվաքանակով։ Երևանցիները հիշում են, թե ինչպես էին այդ օրերին երիտասարդները ժամադրվում «անկյունից 5-րդ ոստիկանի մոտ»։ Փակ էին կենտրոնական բոլոր փողոցները։ Միաժամանակ Մոսկվա կանչեցին Կապուտիկյանին ու «Լիտերատուրնայա գազետա»-ի թղթակից Զորի Բալայանին։ Նրանք մի քանի ժամ զրուցել էին Քաղբյուրոյի անդամ Ա.Յակովլևի հետ, այնուհետ նրանց ընդունել էր Մ.Գորբաչովը…

Փետրվարի 26-ին ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Վ.Դոլգիխն ընթերցեց Գորբաչովի ընդհանուր արտահայտություններից բաղկացած ուղերձը «Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներին», իսկ հետո եղավ Սումգայիթը... 35 տարի անց չի կարելի չհիշել պայքարի մեջ այն համաժողովրդական ընդգրկվածությունը, որը դարձավ Արցախյան առաջին ազատամարտում հաղթանակի գրավականը։ Այն ժամանակ ձևավորվեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը…

Ղարաբաղյան շարժումը փոխարինեցին Հայոց համազգային շարժումով, որը, ինչպես համարվում է, սկիզբ է առել Ղարաբաղյան շարժումից։ Հայոց համազգային շարժումը ղեկավարում էր 11 անդամից բաղկացած «Ղարաբաղ» կոմիտեն, իսկ այ ՀՀՇ կուսակցության ծննդյան պաշտոնական ամսաթիվ ընդունված է համարել 1989թ. նոյեմբերի 4-7-ի առաջին համագումարը, որն ընտրեց 35 անդամից բաղկացած վարչություն։ Ղարաբաղյան շարժումը Հայոց Համազգային շարժման նենգափոխելու մասին շատ է գրվել։ Այն բանից հետո, երբ շարժումը փոխարկվեց կուսակցության, առաջացավ «ՀՀՇ-ն ժողովուրդը չէ՛» կարգախոսը։ 2018-ի գարնանը Հայաստանում իշխանությունը զավթեցին Տեր-Պետրոսյանի գաղափարական հետևորդները, որը պնդում էր, թե «Սերգո ջանը» լավ չի ապրելու, քանի դեռ Արցախը չենք հանձնել։

Այսօր իշխանության ղեկին են նրանք, ովքեր հայերին բաժանել են հայաստանցիների և ղարաբաղցիների

Նրանք, ովքեր իշխանության եկան Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո (1998թ. փետրվարի 3), գործով ապացուցեցին, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն կարող են տնտեսապես զարգանալ առանց ազատագրված տարածքների հանձնման։ Հայաստանը հաջողությամբ կառուցում էր ամենաուժեղ և կազմակերպված բանակը տարածաշրջանում։ Պատմության չափանիշներով 35 տարին լոկ կաթիլ է ծովում, բայց նրանց համար, ովքեր վերապրել են ԽՍՀՄ փլուզումը, դա մի ամբողջ կյանք է: Այդ սերնդի համար անտանելի է գիտակցել, որ այսօրվա խորհրդարանական մեծամասնության համար Լեոնիդ Ազգալդյան, Վլադիմիր Բալայան, Աշոտ Ղուլյան, Պետրոս Ղևոնդյան և այլ անունները ոչինչ չեն նշանակում։

«Մեծն Տիգրան», «Մեծն Մուրադ», «Մուշ», «Սև հովազ», «Արաբկիր», «Սիսական», «Աշտարակի երկրապահ» և այլ ջոկատների փառավոր ուղին Օմարից մինչև Արաքս ընդամենը պատմության շրջված էջ է, զուր անցած տարիներ և մարդկային զուր զոհեր: Ղարաբաղյան հարցը համարվում էր Հայկական հարցի մասը։ 2018 թվականից Հայաստանում իշխանության ղեկին է մի ռեժիմ, որը ձգտում է օրակարգից հանել այդ հարցը, փոխարինելով դա Ադրբեջանի և Թուրքիայի հետ մտացածին «խաղաղության դարաշրջանով»։ Այսօր իշխանության ղեկին են նրանք, ովքեր հայերին բաժանել են հայաստանցիների և ղարաբաղցիների։

Փաշինյանի ռեժիմը ձևավորվել է հայ ժողովրդին հայաստանցիների և ղարաբաղցիների բաժանելու գաղափարական հիմքի վրա։ ՔՊ խմբակցությունում մատների վրա կարելի է հաշվել այն պատգամավորներին, որոնք իշխանափոխությունից առաջ չեն մասնակցել հայաստանցիների ու ղարաբաղցիների հակադրման թեմայով քարոզչական թեզերի տարածմանը։ Բավական է հիշել Նիկոլի կոչը 2008թ. մարտի 1-ին. «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից», որպեսզի հասկանանք 2018-ի գարնանն իշխանության եկածների գերխնդիրը։

«Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում»

35 տարի առաջ հայերի սերունդն ընտրություն կատարեց հօգուտ ինքնորոշման, հետո փոխվեց դարը, ձևավորվեց նոր քաղաքական հոսանք, որը ձգտում է ջնջել և նենգափոխել մեր Հաղթանակների պատմությունը: 2018 թվականից ի վեր Հայաստանը ղեկավարում է Բաքվի և Անկարայի խամաճիկային ռեժիմը, ուստի Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձը պետք է խթան դառնա համազգային նոր վերելքի համար, 44-օրյա պատերազմից հետո պահպանված Արցախի Հանրապետության պատառիկի անկախության համար համաժողովրդական նոր պայքարի։

Արցախցիների ընտրությունը մնացել է նույնը. 120 հազար հայեր ցանկանում են ազատ ապրել իրենց նախնիների հողի վրա։ 35 տարի անց այդ ընտրությունը չի համընկնում պաշտոնական Երևանի դիրքորոշման հետ։ Ռեժիմի պարագլուխն ու իր շրջապատը հայտարարում են Արցախից հրաժարման և Ադրբեջանի կազմում նրա ճանաչման մասին։ Այս պայմաններում Արցախի անկախության և անվտանգության համար պայքարն ինքնաբերաբար վերածվում է իշխող ռեժիմի դավաճանական քաղաքականության դեմ պայքարի։

Շարունակելով Արցախից հրաժարման վրա հիմնված տեր-պետրոսյանական քաղաքականությունը՝ Փաշինյանը կատարում է Բաքվի և Անկարայի կամքը, ընդ որում դա արվում է բացահայտ, «խաղաղության դարաշրջանի» մոտեցման և Ալիևի ու Էրդողանի հետ «խաղաղ համաձայնագրերի» ստորագրման կարգախոսի ներքո։ Դավաճանության քաղաքականությունն արդարացնելու համար վարկաբեկվում են հայկական զինված ուժերի հաղթանակներն Արցախի ազատագրման և պաշտպանության համար ռազմարշավներում, հետապնդվում են Հաղթանակի գեներալներն ու նախագահները։ Արցախի ազատագրման և հայկական երկրորդ հանրապետության կայացման փառավոր ճանապարհը հայտարարված է քիմեռ։ Ժողովրդին գրեթե 5 տարի շարունակ ներշնչում են, թե նման բան չի եղել, թե պետք է մոռանալ և՛ հաղթանակները, և՛ հերոսներին, և՛ Արցախի Հանրապետության անկախության պատմությունը։ Փաշինյանն այդպես բացահայտ էլ ասում է, թե իբր՝ հայ ժողովրդին պայքար է սպասվում «մեր և մեր միջև», որովհետև մենք (ժողովուրդը) դեռ վերջնականապես չենք զրկվել «պատմական հիշողությունից»։

Ռեժիմը դեռ տրամաբանական ավարտին չի հասցրել հայերի մանկուրտացման գործընթացը՝ թմբուկազարկերի և «դըմփ-դըմփ-հո՛ւ» գոչյունների ներքո։ Դեռևս կա դիմադրության ռեսուրս... Ղարաբաղյան շարժման 35-ամյակը պարզապես ամսաթիվ չէ, այլ 1988թ. փետրվարին կատարած ընտրությունը վերահաստատելու անհրաժեշտություն. «Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում»։