Բլինկենը Կովկասում բանակցությունների հարցերով նոր խորհրդական է նշանակել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կադրային դիվանագետ Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցությունների հարցով նոր ավագ խորհրդական։

«Նշանակում եմ <...> Լուիս Բոնոյին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական»,-ասված է ամերիկյան դիվանագիտության ղեկավարի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերել համապարփակ խաղաղ համաձայնության հասնելու հարցում, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորումը։ Պարոն Բոնոն երկկողմ հիմունքներով համագործակցելու է համախոհ գործընկերների, այդ թվում` ԵՄ-ի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու նպատակով»,-պարզաբանել է Բլինկենը։

Բացի այդ, ըստ պետքարտուղարի, Բոնոյի նշանակումը «հաստատում է այն կարևորությունը, որն ԱՄՆ-ն տալիս է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Նախկինում Բոնոն եղել է ՄԱԳԱՏԷ-ում և ՄԱԿ-ի կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատար Վիեննայում, ինչպես նաև զբաղեցրել Է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի խորհրդականի և պետքարտուղարի տնտեսական ու գործարար հարցերով տեղակալի պաշտոնը:

Նախկինում Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր Ֆիլիպ Ռիկերը: Նրա հրաժարականի մասին Պետդեպարտամենտը հայտնել էր հունվարի սկզբին։

Sputnik Արմենիա