Osservatoria Balcani e Caucaso․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ԿՅԱՆՔԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ

Իտալական Osservatoria Balcani e Caucaso վերլուծական հրատարակությունը հոդված է հրապարակել «Լեռնային Ղարաբաղ. կյանքը շրջափակման մեջ», որը պատմում է այն ծանր իրավիճակի մասին, որում հայտնվել է արցախահայերը։

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Սուրբ Ծնունդն ու Ամանորն անցկացրել է ադրբեջանական շրջափակման մեջ, մի իրավիճակ, որը շարունակվում է շուրջ երկու ամիս։ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ այսպես կոչված, Լաչինի միջանցքը, դեկտեմբերի 12-ից փաստացի արգելափակված է ադրբեջանական կազմակերպությունների ցուցարարների կողմից, որոնք իրենց բնապահպան են անվանում։

Մարդասիրական ճգնաժամը, որն առնչվել է Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչներին, այժմ ակնհայտ է և անընդհատ խորանում է՝ մանկական սննդի և հիմնական դեղամիջոցների անբավարարություն, դատարկ խանութներ, բանջարեղենի և մրգերի բացարձակ անբավարարություն, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների պարբերական կրճատումներ:

Ադրբեջանցի ցուցարարները, բնապահպանական պահանջներից հիման վրա փակել են ճանապարհը, բայց իրականում նրանք գտնվում են Բաքվից հեռակառավարման տակ, և նրանց կոչերը լիովին քաղաքական երանգ ունեն, այդ թվում՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ ստեղծելու պահանջը, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի պետական կառույցների ներկայացուցիչների նշանակումը և այլն։

Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը կապում է Հայաստանի Գորիս քաղաքի հետ և, ինչպես ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հռչակագրում, գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ։ Այս ճանապարհը միակն է, որ կապում է Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ, ճանապարհ, որը տեղափոխում է հայ բնակչության կյանքի համար անհրաժեշտ ամենաբազմազան ապրանքներ։

«Չկա սնունդ, ոչինչ չկա։ Գիտե՞ք քանի խանութ եմ գնացել մի կտոր պանրի համար։ Թոռս պանիր ուզեց, տանը հիվանդ էր։ Էլ չեմ խոսում մրգերի ու քաղցրավենիքի մասին։ Դժվար է սնունդ ձեռք բերելը, ի՞նչ ենք անելու»,- ասում է Ստեփանակերտի բնակիչ Գայանե Պողոսյանը։

Մթերային խանութի աշխատակից Տոնյա Մուրադյանը հաստատում է, որ հունվարի սկզբից խանութում սննդամթերք գրեթե չի մնացել, միայն հյութեր ու ալկոհոլ։ Ստեփանակերտում Սուրբ Ծննդյան տոներից հետո փակ խանութների թիվն ավելացել է, թեև շատերն արդեն փակվել են 2022 թվականի վերջին։ Նույնիսկ նրանք, ովքեր մտնում են դեղատուն, հաճախ դատարկաձեռն են հեռանում»,- նշում է իտալական հրատարակությունը։

Հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասնակիորեն փակվել է 41 մանկապարտեզ և 56 նախադպրոցական խումբ՝ շրջափակման պայմաններում պարենի դեֆիցիտի սրման պատճառով։ 6828 երեխաներ այլևս չեն կարող հաճախել մանկապարտեզներ ու մսուրներ՝ զրկված լինելով պատշաճ խնամքից, սննդից և կրթություն ստանալու հնարավորությունից, ընդգծվում է հոդվածում։

«Տագնապալի հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը քաղաքակիրթ աշխարհին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Ստեփանակերտի հետ միջանցքի բացման կամ օդային կամրջի առաջխաղացման ուղղությամբ։

Շրջափակման սկզբից բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ են արել վերացնել շրջափակումը։ Այս հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջարկել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝շրջափակումը վերացնելու համար։ Այս հարցը նույնպես շուտով կքննարկվի ՄԱԿ-ի միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի աշխատանքի շրջանակներում»,- գրում է Osservatoria Balcani e Caucaso-ն։

News.am